Միամտություն կլինի կարծելը, թե Թուրքիայի խնդիրը՝ կապված Հայաստանի հետ, միայն Ցեղասպանության միջազգային ճանաչումը կանխելն է:
1915-ին նրանք ամբողջությամբ չհասան իրենց ուզածին: Այսօր էլ Թուրքիայի հեռահար նպատակների հիմքում պանթուրքիստական գաղափարներն են:
Ներկայիս Հայաստանի ոչնչացմանը հասնելու համար Թուրքիան ու Ադրբեջանը ունեն համատեղ ծրագիր և դրան հասնելու համար ոչինչ չեն խնայում: Երկու կողմից սահմանը փակելով՝ տնտեսությունը թուլացնելու գլխավոր խնդիրը թերևս սպառազինությունների մրցավազքում առավելության հասնելով՝ Ղարաբաղը ուժով վերցնելը չէ: Գլխավոր խնդիրը Հայաստանի հայաթափումն է, որովհետև այս տարածքը նրանց պետք է առանց հայերի: Միգուցե այսօրվա Հայաստանը մաքսիմալ պաշտպանված է. հայկական բանակը կարող է արժանի հակահարված տալ Ադրբեջանին, իսկ Թուրքիային զսպող գործոնը Հայստանում տեղակայված ռուսական ռազմաբազան է: Բայց ի՞նչ վիճակում կհայտնվի մեր երկիրը, երբ հասնեն վերջինիս հարյուր տոկոսանոց շրջափակմանը: Առաջին հայացքից թվում է, թե դա հնարավոր չէ, բայց տեսնելով, թե ինչ է կատարվում մեր երկրի սահմաններին՝ պետք չէ բացառել ապագայում նման աղետալի վիճակը: Արտաքին աշխահին կապող մեր երկու ճանապարհներն անցնում են Իրանով և Վրաստանով: Գաղտնիք չէ, որ Իրանի հյուսիսային շրջաններում(նաև Հայաստանի հետ սահմանային շրջաններում) ապրում են մի քանի միլիոն ադրբեջանցիներ: Այսինքն՝ Իրանի փոքր ինչ թուլացման դեմքում, վերջինիս հյուսիսային շրջանների անջատումը երկրից շատ իրատեսական է:
Մյուս կողմից, Վրաստանի՝ Հայաստանին սահմանակից 2 շրջաններից մեկն ադրբեջանաբնակ է, իսկ մյուսը հայաբնակ Ախալքալաքի շրջանն է: Հասկանալով, որ ապագայում, տարածաշրջանային հնարավոր վերադասավորումների դեպքում, Հայաստանին ամբողջությամբ շրջափակման մեջ հայտնվելուց <<փրկում >> է Ախալքալաքը՝ Թուրքիա-Ադրբեջան զույգը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու համաձայնությամբ փորձում էին կյանքի կոչել Ադրբեջանից դեպի Ախալքալաքի՝ Հայաստանի հետ սահմանային հատված, մցխեթցի թուրքերի բնակեցման ծրագիրը: Վրաստանում իշխանափոխությունն էր պատճառը, թե մեկ այդ պատճառ կար, որ այդ վտանգավոր ծրագիրը չիրագործվեց՝ հայտնի չէ: Սակայն, տեսնելով Վրաստանում օրեցօր աճող թուրք-ադրբեջանական ազդեցությունը, պետք չէ բացառել, որ ներկայիս իշխանություններն էլ կարող են զիջման գնալ և մի <<գեղեցիկ>> օր վրաց-հայկական սահմանն ամբողջությամբ բնակեցված կլինի թուրքերով և ադրբեջանցիներով:
Այսպիսով, Հայաստանի ազգային անվտանգության հարցում շատ մեծ կարևորություն ունի Իրանի հզորությունը և Վրաստանի՝ Թուրքիայից ու Ադրբեջանից մինիմալ կախվածությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել