Էջմիածին քաղաքի բնակիչներ և ոչ միայն: Օրեր շարունակ շատերը երեկոյան ժամերին գտնվում էին Շուշանիկ Կուրղինյան փողոցում, որ տեսնեն տներից մեկի ավտոտնակի վրա հայտնվող լուսավոր խաչը: Ոմանք այնտեղ էին որպես հրաշք համարողներ, ոմանք` գիտական բացատրություն փնտրողներ, ոմանք՝ մարդիկ, ովքեր ուզում էին հասկանալ՝ արդյոք դա հրա՞շք է, թե՞ տեսողական խաբկանք: Ես երրորդ խմբին էի պատկանում: Ինձ համար ամեն ինչ հասկանալի է: Երեկ չէ առաջին օրը` հուլիսի 18-ին, որոշել էի մնալ տեղում մինչև կեսգիշեր և տեսնել, թե ինչպես է պատկերը կեսգիշերին վերանում: Կեսգիշերից հետո, երբ քաղաքի գիշերային լուսավորությունը մարվեց, պատկերն ակնթարթորեն անհետացավ: Երեկ` հուլիսի 19-ին, գնացի, որ տեսնեմ՝ արդյո՞ք դա զուգադիպություն է: Տեղում մի խումբ մարդիկ երկար ձողի վրա փայտե արկղ էին ամրացրել, որ ստուգեին պատկերի էությունը: Նախ, երբ պահեցին արկղը պատկերի վրա, այն հայտնվեց արկղի վրա, հետո օդում մի քանի տեղում պահեցին` հավանական ճառագայթի ուղղությամբ, պատկերը վերացավ, ապա դիմացի տան ավտոտնակի տանիքին շարունակեցին ստուգումը, որից պարզվեց ամեն ինչ: Դա հրաշք չէր, դա ինչ-որ մեկի չար կատակը չէր. դա ընդամենը պատուհանի ապակու անկյան լուսային անդրադարձն էր: Այժմ գիշերը տվյալ փողոցի բնակիչները կարող են հանգիստ քնել, իսկ մյուսները, բան ու գործը թողած, չեն կանգնի փողոցում մինչև կեսգիշեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել