Թող, թող ինձ այդ պատերի ներսում, թող, որ խեղդվեմ միայնությանս մեջ, թող, որ հիշեմ չմոռանալու համար...
Այդ նույն պատերը, որոնք երջանկության հոտ ունեն, նույն հատակը, որը աչքերիդ նման տաք է, նույն պատուհանները, որոնք դեռ երեկվա անձրևաջրի հետքերն են կրում: Չմաքրես պատուհանագոգի փոշին, դրանք քո մատնահետքերն են պահում:
Հանգցրու մոմերը` ինձ միայն քո աչքերն են լույս տալիս, ծածկոցներ չթողնես` ես միայն քո գրկում եմ տաքանում, վերցրու վերնաշապիկներդ` ես միայն դրանցով եմ շնչում: Վերցրու քեզ հետ ամեն ինչ: Թող ինձ այդ չորս պատերի ներսում: 
Կնստեմ հատակին, որոնք էլ առաջվա պես տաք չեն լինի, կնայեմ պատերին ու կհիշեմ ամեն ինչ: Որտե՞ղ քեզ գտա, ինչո՞ւ կորցրի...
Կհավաքեմ հիշողություններս ու կպահեմ գորգի տակ: Իսկ երբ դու գաս, ես արդեն չեմ լինի, փոխարենը կբարձրացնես գորգը ու զգույշ կվերցնես հիշողությունները: Դրանք քեզ հետ կտանես, ես այստեղ էլ հետ չեմ գա: Պատուհանագոգերին չդիպչես, դրանք դեռ քո մատնահետքերն են պահում: Իսկ հիմա վերջին անգամ ինձ մենակ թող: Գնա առանց շրջադարձի: Գնալուցդ հետո թթվածինը ինձ չի հերիքի: Չէ՞ որ այստեղ միասին ենք շնչել: Ափերս ամուր կսեղմեն աչքերս: Քեզ այնտեղ հավետ կպահեմ` կոպերիս արանքում, արցունքներիս հետ միասին:
Հետո էլի կգաս: Այնտեղ չեմ լինի: Զգույշ գորգի տակից կվերցնես հիշողություններն ու կպահես քեզ մոտ: Այնտեղ գրքերի արանքում քո վերջին վենաշապիկն էի պահել, դա էլ կվերցնես: Կկողպես դուռը, իսկ բանալին հավետ կկորցնես: Կջնջես այդտեղ բերող հետքերդ, ինքդ էլ կմոռանաս...
Չմոռանաս պատուհանները ամուր փակել: Պատուհանագոգերի փոշին դեռ մատնահետքերդ է կրում, քամին հանկարծ չմաքրի նրանց...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել