Տիգրան Սարգսյանին հիմա ավելի շատ հիշում են մեռելոցների համար, մինչդեռ նրա «շնորհաշատ» կառավարման առաջին լուրջ պտուղները նոր են սկսել նշմարվել, ու դրանց համեմատ մեռելոցների հարցը ոչ մի բան է։
Օրինակ՝ օրերս հայտնի դարձավ, որ համաձայն «The Guardian» և Business Insider պարբերականների՝ Հայաստանն այսուհետև պարտքային ճգնաժամ ունեցող երկրների շարքում է՝ Հունաստանի, Ուկրաինայի, Կիպրոսի, Իռլանդիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Չեռնոգորիայի, Լիբանանի, Մակեդոնիայի, Խորվաթիայի, Թունիսի ու մի շարք այլ երկրների կողքին։
Սա հետևանք է նրա, որ մենք 2008-ից ի վեր ապաշքյարա պարտքեր էինք անում, ինչի արդյունքում մեր արտաքին պարտքը գրեթե կրկնապատկվեց, ու սա դեռ արդարացված կլիներ, եթե այդ գումարներով իրապես ինչ-որ օգտակար բան արվեր, գործարաններ կառուցվեին, ենթակառուցվածքներ զարգացվեին... Բայց, ինչպես տեսնում ենք, զհարս էլ չեն արել, իսկ միակ ոլորտը, որ «զարգացավ», բանկայինն է, այն էլ բանկերը պարզապես մակաբույծներ են, ու վաշխառուները մեր տնտեսության մարմնի վրա ոնց աստղաբաշխական տոկոսադրույքերով էին աշխատում, այնպես էլ շարունակում են։
Հիմա ողջ հարցը կայանում է նրանում, թե երբ կլինի փոխարժեքային հերթական տատանումը, ու որքանով իշխանությունները վճռական կլինեն դրան հակազդելու հարցում, որովհետև այսպիսի դինամիկայով ամեն հաջորդ ցնցում ավելի շոշափելի արդյունքներ է ունենալու մեր վճարունակության վրա, իսկ բնակչության պարագայում՝ նաև գնողունակության։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ առանց կարդինալ փոփոխությունների ու հայեցակարգերի վերանայման Տիգրան Սարգսյանի ժառանգությունը կարող է մշտնջենական մեռելոցի մատնել մեր ողջ տնտեսությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել