Արդյո՞ք քաղաքական է էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ շարժումը:

Միանշանակ այո, բայց ոչ թե իր ազնիվ մղումներով և կոչերով, այլ հետևանքներով: Ապստամբությունների մեծ մասը սկսվել է սոցիալական պահանջներից և արդարության վերականգնման ձգտումից, բայց ավարտվել է հեղափոխական կոչերով, գլխատումով և գնդակահարությամբ (Պատյոմկին զրահանավի ըմբոստությունը՝ որպես դասական օրինակ): Ասում են՝ աշխարհը կլիներ ուրիշ, եթե ուսանողները միտինգների փոխարեն նստեին պատմության դասախոսություններին:  

Այստեղ կարևոր են հետևանքները, քանի որ պայքարի առաջնային նպատակը և վերջնական արդյունքը, որպես կանոն, չեն համապատասխանում իրար: Ուկաինացիները ցանկանում էին եվրոասոցացում և ազատ վիզային ռեժիմ, ստացան վիզաների խստացում, տնտեսական դեֆոլտ և պատերազմ: Լիբիացիներն ուզում էին դեմոկրատիա և հավասարություն, ստացան քայքայված երկիր և ֆեոդալական միջնադար: Սիրիացիներն ուզում էին դեմոկրատական փոփոխություններ, ստացան Իսլամական պետություն և վանդակների մեջ այրվող մարդկանց:  Պետք է գնահատել հետևանքները, քանի որ ներկա զարգացումները կարևոր են միայն իրենց հետևանքներով: Այս առումով կարելի է առանձնացնել երեք սցենար. 

1. Փոխհամաձայնեցում՝ իշխանությունները և ակտիվիստները լեզու են գտնում: Շարժումը համարվում է հաղթանակած, իշխանությունները պահպանում են իրենց դեմքը, բայց սակագնի բարձրացման բեռն ընկնում է պետական բյուջեի վրա: Եթե ոչ այժմ, ապա մոտ ապագայում նոր ռեսուրսների ներգրավումն օբյեկտիվորեն  անխուսափելի է, իսկ ներգրավված ռեսուրսների համար վաղ թե ուշ անհրաժեշտ է վճարել: Եթե չի վճարում բնակչությունը, ապա վճարելու է պետական բյուջեն: Այնուամենայիվ, այս տարբերակը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ակտիվիստների պահանջները սահմանափակվեն էլեկտրաէներգիայի սակագնով: Եթե շարժման վեկտորը փոխվի դեպի իշխանափոխության նպատակը, փոխհամաձայնությունն անհնար է: Մասնակիցների մեծամասնության համար այս սցենարը խնդրի լուծման լավագույն տարբերակն է: Այս սցենարի բնորոշումը «Ոստիկանը մերն է», «Սա մայդան չէ, սա Բաղրամյանն է» մեսիջներն են:  

2. Շարժման ճնշում՝ իշխանությունները և ակտիվիստները լեզու չեն գտնում, և շարժումը ցրվում է օրինական կամ ոչ օրինական մեթոդներով: Այս սցենարի իրագործման համար անհրաժեշտ նախապայման է մթնոլորտի կտրուկ սրումը:  Սովորաբար այսպիսի իրավիճակներում կա՛մ աստիճանական աճում է ագրեսիան, կա՛մ մի միջադեպի միջոցով կտրուկ փոխվում են խաղի կանոնները: Քանի որ հակազդեցությունը չի կարող տևել ամիսներ, ապա ավելի հավանական է միջադեպների միջոցով իրավիճակի սրումը: Նույնիսկ զոհերի և բռնությունների բացակայության դեպքում ամբողջ արևմտյան ԶԼՄ-ները և ուժերը քննադատում են իշխանությունների գործունեությունը: Հայաստանը պիտակավորվելու է որպես ավտորիտար երկիր՝ արդյունքում ֆինանսատնտեսական վիճակի վատացում, դրամի արժեզրկում, հնարավոր սանկցիաներ, քաղաքական և տնտեսական մեկուսացում: Անխուսափելի է տարիներ շարունակ  քաղաքական լարվածության աճը՝ քաղաքացիական անհնազանդության պարբերական դրսևորումներով: Հայաստանը չի ունենում այլևս այլընտրանք՝ բացի Եվրասիական ռազմաքաղաքական դաշինքի անբաժանելի մաս կազմելը: Հավանական է քաղաքական համակարգի կողմից վերահսկողության և որոշ ազատությունների սահմանափակում, այդ թվում՝ ՀԿ-ների և արևմտյան ֆինանսավորմամբ կառույցների գործունեության խիստ վերահսկողություն: 

Այս սցենարի բնորոշումը «Սթափվեք, սթափվեք, սթափվեք», «Կկիրառվի համարժեք ուժ» մեսիջներն են:  

3. Բաղրամյանը վերածվում է մայդանի: Շարժումը միատարր չէ, այնտեղ կան մի քանի խոշոր խմբեր, որոնց նպատակներն իրարից տարբերվում են: Մարդկանց մեծամասնության համար վերջնական և միակ նպատակը սակագնի թանկացման կասեցումն է: Նրանք հավատում են, որ նմանատիպ պայքարի մեթոդներով հնարավոր է հասնել հաղթանակի, քանի որ նախկինում եղել են նմանատիպ նախադեպներ՝ տրանսպորտի թանկացումներ, Մաշտոցի պուրակ և այլն: Շարժման մասնակիցների զգալի մասն ունի կայուն աշխատանք և կողմնակից չէ երկրի վիճակի ցնցումներին: 

Մյուս կողմից, կա կազմակերպված քաղաքականացված փոքրամասնություն, որն ունի պայքարի զգալի փորձ և հմտություններ, կազմակերպչական մեծ ռեսուրս և իշխանափոխության նպատակ: Վաղ թե ուշ քաղաքականացված թևն աստիճանաբար կվերահսկի իրավիճակը շարժման ներսում, քանի որ անհամեմատ ավելի կազմակերպված և համախմբված է:  

Այս սցենարի բնորոշումն  «Էս ինչ մանկապարտեզ եք սարքել» մեսիջներն են:  

Հետագա սցենարը կանխատեսելի է: Ինչ-որ պատահական կամ կազմակերպված միջադեպի արդյունքում բռնությունների կտրուկ աճ, որի արդյունքում թանկացման դեմ պահանջն ընկնում է երկրորդ պլան, և առաջնային է դառնում իշխանափոխության պահանջը: Որպես հետևանք՝ դրամի կտրուկ արժեզրկում, հակառուսական տրամադրությունների կտրուկ աճ, էներգակիրների գների կտրուկ բարձրացում, ռազմատեխնիկական աջակցություն սառեցում, անկայուն քաղաքական իրավիճակ, սահմանային միջադեպների ակտիվացում՝ պատերազմի վերսկսման վտանգով: 

Միգուցե սխալվում եմ, և մեզ սպասվում է պայծառ և լուսավոր դեմակրատիա, մարդու իրավունքներ պահպանում և տնտեսական բարգավաճում... ինչպես օրինակ... Ուկրաինայում: Ցավոք, ոչ մի երկիր չի շահել մայդաններից, ոչ մի ժողովուրդ չի շահել թանկացումից:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել