Օրեր առաջ մեր երկրում սկիզբ առած սոցիալական շարժումն իր ձևով ու բնույթով բացառիկ է անկախ Հայաստանի պատմության մեջ: Բացառիկ է նրանով, որ ի սկզբանե մերժվել է որևէ քաղաքական կուսակցության մասնակցությունն այս պայքարին, և չկան լիդերներ:

Մշտապես խաբված լինելով բոլոր կուսակցությունների կողմից` տարիների ընթացքում Հայաստանում ստեղծվեց մի վիճակ, որ հասարակությունը կորցրել է վստահությունն անխտիր բոլոր կուսակցությունների նկատմամբ: 

Բողոքի ակցիայի մասնակիցները, չունենալով ընդգծված առաջնորդներ, գործում են չափազանց խելացի և կազմակերպված: Գործողությունների մասին միմյանց իրազեկում են ֆեյսբուքի միջոցով: Եթե կան նոր առաջարկներ, ապա դրանք նույնպես քննարկվում են ֆեյսբուքում: Ու ընդհանրապես, այս շարժման մասնակիցները համախմբվեցին ֆեյսբուքի միջոցով:

Վերջին տարիներին ֆեյսբուքը հարթակ դարձավ կրթված, խելացի և համարձակ երիտասարդների համար` դրսևորվելու, երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների մասին կարծիք հայտնելու, սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնելու, գաղափարակիցներ գտնելու, լսարան ձեռք բերելու:

Ֆեյսբուքն այն տեղն է, որտեղ հարուստ տգետները միշտ լուսանցքում են: Իսկ եթե փորձեն անգամ գրել ու բանավիճել, անմիջապես կդառնան ծաղրի առարկա: Այստեղ փող ու ունեցվածք չկա, այստեղ թանկարժեք մեքենաներ ու հաստավիզ թիկնապահներ չկան: Այստեղ ոչ մեկին չես կարող վախեցնել, իսկ տպավորել կարող ես միայն գիտելիքով ու գաղափարներով:

Ֆեյսբուքի դերը շատ մեծ է մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացման գործում: Դրա վառ ապացույցն այսօրվա Բաղրամյան պողոտան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել