Հաջողակ մարդիկ  բոլորի ուշադրության կենտրոնում են: Սակայն հաճախ նրանք նաև հակասական եանասկանալի: Հաջողակ մարդիկ ամրագրում և հետևում են որոշակի կենսակերպի, յուրօրինակ կանոնների առանց որոնց հաջողությունն առնվազն կասկածելի է: Առաջ անցնելով նկատենք, որ վերոնշյալ սովորույթները մարդուն ավելի են մոտեցնում իրենց երազանքներին, ընտանիքին, միաժամանակ պարգևելով աշխատանքային, ստեղծագործական անկախություն:

Հաջողությունը դիպված չէ: Իհարկե, որոշակի արտաքին ու անկառավարելի գործոններ միշտ էլ, բայց դրանք նշանակալի չեն: Նշանակալի են այն սովորույթները,  որոնք ձևավորում են ձեր ընդհանուր կենսակերպը: Եվ ահա հոդվածում կփորձենք ձեզ հետ միասին բնութագրել դրանցից առնվազն 21-ը:

  1. Հաջողակ մարդիկ պարբերաբար սահմանում են որոշակի և հասանելի նպատակներ:

Սեփական նպատակներին ավելի մոտենալու համար հաջողակ մարդիկ ժամանակ են գտնում այդ նպատակների կոնկրետ և հասանելի բանաձևերի սահմանման և նկարագրման համար: Հարցված հաջողակների մոտ 70%-ը խոստովանում է, որ ամեն օր ադրադառնում են հռչակված նպատակներին և դրանց դինամիկային: Ընդ որում խոսքը գնում է չափելի արդյունքների և կատարողականների մասին:

  1. Նրանք ստեղծում և պարբերաբար թարմացնում են իրենց անելիքների ցանկը:

Ինչպիսին էլ լինի ձեր նպատակը՝ դրան հասնելու համար գործողությունների որոշակի ցանկի գոյությունը նյութականացնում է այդ նպատակը: Սակայն դա բավարար չէ և միայն  դուք եք, որ պետք է ստանձնեք պարտավորություն այդ գործողությունների հետևողական իրականացման համար՝ առանց  պատճառաբանությունների:

  1. Հաջողակ մարդիկ հոգում են իրենց առողջության և սպորտային կեցվածքի մասին:

Սեփական ամբիցիաների վրա կենտրոնանալու և դրանց իրականացման համար իրապես հաջողակ մարդիկ գիտակցում են առողջ մարմնում առողջ մտքի անհրաժեշտությունը: Այն ներառում է ինչպես հատուկ սննդակարգը (չխառնել  ժամանակավոր դիետայի հետ), այնպես էլ պարբերական մարմնամարզությունը:

  1. Հաջողակ մարդկանց համար կարևոր է հոգևոր կատարելագործումը:

Հաջողակ մարդկանց համար չափազանց կարևոր է նաև հոգևոր սնունդը: Այն կարող է դրսևորվել հոգևոր հավաքների, եկեղեցու սպասավորների հետ խորհդակցության, առօրյա կյանքում կարեկցանքի դրսևորման, բարեգործական մասնակցության միջոցով:

  1. Հաջողակ մարդկանց համար ընթերցանությունն ամենօրյա սովորույթ է:

Այս առումով պետք է տարբերակել նպատակային ընթերցանությունը պարզապես ճշգրիտ կամ կեղծ տեղեկատվության ստացումից: Ավելացնենք, որ վերջինս ոչ միայն չի խրախուսվում, այլ նշանակալիորեն խոչընդոտում է նպատակների իրականացմանը: Հաջողակ մարդիկ ոչ միայն ազատ ժամանակ կարդում են, այլ հանգստի ժամանակ լայնորեն օգտվում են ձայնագրված գրականությունից՝ աուդիոգրքերից:

  1. Հաջողակ մարդիկ ցանկացած միջավայրում ավելի աշխատասերներ են:

Հաջողությունը չունի գերբնական բաղատրատոմս: Պարզապես անհրաժեշտ է լինել աշխատասեր՝ սիրել այն աշխատանքը, որը կատարում եք: Իր ժամանակին հին աշխարհի խոշոր մտածող Կոնֆուցիոսն ասել է. «Սիրիր աշխատանքդ և դու այլևս երբեք չես աշխատի»: Այդպես է թե ոչ մենք այսօր չենք քննարկի, քանի որ աշխատանքը հաճախ կապված է բավականին տհաճ և ծանր ջանքի, տարիների աշխատանքի և ազատ ժամանակի, այլ զոհողությունների հետ: Եվ այս առումով հենց համառությունն ու աշխատասիրությունն է, որ տարբերակում է հաջողակ մարդուն:

  1. Հաջողակ մարդիկ գիտեն տարբերակել ընտանեկան ժամերը աշխատանքային ժամերից:

Նրանք շատ լավ են հասկանում փողի ուժը, այն՝ ինչ կարող է առնել փողը և ինչը չի կարող: Նրանք հասկանում են, որ փողը միշտ էլ կարելի է աշխատել, սակայն ընտանեկան ժամանակը սահմանափակ է: Հետևաբար նրանք ճիշտ են ընկալում  ընտանեկան արժեքների և ժամանակի անգնահատելիությունը, տարբերելով նպատակը միջոցից:

  1. Հաջողակ մարդիկ հարգում են իրենց ժամանակը և անցկացնում այն խելամտորեն

Ժամանակակից գերբազմազան կյանքի, աշխարհում տեղի ունեցող տարաբնույթ իրադարձությունների հորձանուտում այսօր շատ դժվար է չշեղվելը ոչ միայն սեփական նպատակներից, այլ անգամ էլեմենտար թվացող գործողություններից: Ինֆորմացիան մարդկանց վրա է հարձակվում ամեն անկյունից, ամեն բացված պատուհանից: Նման պայմաններում հաջողակ մարդիկ գիտակցում են, որ եթե ինֆորմացիան անսահման է ապա իրենց, որպես բազմակողմանի զարգացած մարդու ժամանակը խիստ, սահմանափակ է:

  1. Հաջողակ մարդիկ շրջապատված են համախոհներով:

Ինչպես ասացվածքն է ասում՝ «Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու»: Սակայն մենք միշտ չէ, որ շրջապատված ենք ընկերներով, որը ոչ միայն ազդեցություն է ունենում մեր գործողությունների, այլ վերջնահաշվում նաև մեր իսկ սովորույթների վրա: Այս առումով մեկ այլ ասցվածք էլ ասում է «Մարդը իրեն հիմնականում շրջապատող 5 մարդկանց միջինն է»: Հետևաբար հաջողության կարևարագույն գրավական է իրական համախոհներով շրջապատված լինելը:

  1. Հաջողակ մարդիկ խիստ ուշադրություն են դարձնում իրենց սովորույթներին:

Բոլորս լսել ենք, որ հենց մարդկանց սովորույթներն են ձևավորում են մարդուն: Բառացիորեն: Հետևաբար, ինչպես ասացվածքն է ասում «Պետք է զգույշ լինել սեփական մտքերում, քանի որ  դրանք կազմում են մեր բառերը: Զգուշությամբ  ընտրել բառերը,  որոնք բնութագրում են մեր գործողությունները: Զգույշ լինել գործողություններում, որոնք դառնում են մեր սովորույթները: Պետք է զգուշանալ սովորույթներից, որոնք դառնում  են մեր բնավորությունը, և զգուշանալ սեփական սովորույթներից, որոնք ձևավորում են մեր ճակատագիրը:

  1. Հաջողակ մարդիկ չեն հավատում ֆինանսական ֆորտունային:

Փողը ստեղծվում է նվիրված աշխատանքի, ստեղծագործական մտքի, շուկայի ուսումնասիրության և այլ նմանատիպ գործոնների հաշվարկման արդյունքում: Սակայն ֆորտունան այն գործոնների թվում չէ: Այսօր ֆորտունան ձևակերպվում է որպես ձեր պատրաստվածության և դիպվածի հատման վայրը: Ֆորտունան դուք եք՝ ժամանակի կոնկրետ պահին ու տարածության որոշակի կետում՝ ձեր պատրաստվածության պայմաններում:Իսկ ամեն պրոբլեմ, ամեն խնդիր իրականում հնարավորության սերմ ու պատուհան է: Շատ կարևոր է, թե դուք ինչպես կցանեք այդ սերմը և ուր կնայեք այդ պատուհանից:

  1. Հաջողակ մարդիկ չեն ծախսում ավելին քան աշխատում են:

Այստեղ խոսքը խնայողության ինչ որ խիստ ռեժիմների մասին չէ, ոչ էլ ժլատության կամ ագահության: Ճիշտ հակառակը: Պետք է միշտ հիշել որ փողը միջոց է, այլ ոչ թե նպատակ: Սակայն մյուս կողմից ֆինանսապես հաջողակ մարդիկ կարգավորում են իրենց սպասումները՝ ըստ սեփական ֆինանսական միջոցների և ընդհակառակը: Նրանց համար կարևոր չէ, թե որքան գումար են աշխատում, այլ որքան գումար են կողք դնում՝ նպատակային երկարաժամկետ ներդրման համար:

  1. Հաջողակները հեռուստացույց չեն դիտում:

Հենց այդպես՝ կարճ և կոնկրետ:  Հիշեք, հեռուստացույցը մի հսկայական փոշեկուլ է, որը ձեր ժամանակն է կուլ տալիս: Այն տանում է ձեզ դեպի ավելորդ նստակյացություն, ալարկոտություն, գիրացնում ինչպես մարմինը, այնպես էլ հոգեբանությունը, բարձրացնում հետագա դիաբետիկ հիվանդությունների հնարավորությունը: Փոխարինեք ձեր մեծ հեռուստացույցները ավելի շատ հետաքրքիր գրքերով ու ակտիվությամբ: Ինչպես ասացվածքն է ասում՝ հաջողակները ունեն մեծ գաղափարներ և գրադարաններ, իսկ անհաջողակները՝ միայն մեծ հեռուստացույցներ ու բազմաթիվ արդարացումներ:

  1. Հաջողակները պատասխանատվությունը ուրիշների վրա չեն գցում:

Մեր կատարելագործման գրավականը ոչ միայն անցյալից դասեր քաղելու, այլ մեր ապագայի նկատմամբ պատասխանատվության գիտակցության մեջ է: Մարդիկ, որոնք կյանքում ոչ մի նշանակալի բանի չեն հասնում նրանք են, որոնք երբեք չեն փորձում նշանակալի պատասխանատվություն կրել իրենց ապագայի համար: Նման մարդիկ միշտ ունեն արդարացումներ, քանի որ արդարացումները, հանգամանքներն ու պատճառները անսպառ են: Ի տարբերություն՝ հաջողակ մարդիկ կրում են պատասխանատվություն իրենց արարքների, գործողությունների համար և սովորում ոչ միայն սեփական, այլ անգամ այլոց սխալների վրա:

  1. Հաջողակները չեն հետևում ամբոխին

Տարբերվող, այլընտրանքային մտածողության խթանումը կարևոր է: Սովորական մտածելակերպով և գործողություններով անհնար է հասնել անսովոր արդյունքների: Հաջողակ մարդիկ չեն վախենում երազել, չեն վախում նաև իրականացնել երազանքը: Նրանք պատրաստ են կոտրելու կարծրատիպերը և ավարտին հասցնելու սկսածը:

  1. Հաջողակները գնում են հնարավորության հետևից:

Կյանքը մեր ուղղությամբ միշտ էլ նետում է տարբեր խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ: Ինչպես արդեն գիտենք, յուրաքանչյուր խնդիր իր մեջ պարունակում է հնարավորության հատիկ: Գիտակցելով սա, հաջողակ մարդիկ փորձում են ստանալ իրենց ուղղությամբ նետված ցանկացած հնարավորության առավելագույնը: Նրանք ամեն ինչ անում են՝ հայտնվելու համար ճիշտ պահին ճիշտ տեղում, և պատրաստ են արտաբերելու ճիշտ խոսքերը: Նրանք գնահատում են այդ ամենը, և գիտակցում որ այդ խնդիրների/մարտահրչավերների մի մասը վճռորոշ են լինելու իրենց համար:

  1. Հաջողակ մարդիկ չեն բավարարվում ֆորմալ գիտելիքներով:

Հաջողակ մարդիկ հավերժ ուսանողներ են և վերաբերվում են ուսմանը որպես կյանքի անբաժանելի մաս, հետաքրքիր գործընթաց: Միաժամանակ նրանք հասկանում են, որ կյանքի տարբեր բնագավառներում ստացած ցանկացած փորձառություն դաս է,  որն ունեցել է իմաստ և վերադառնալու է՝ քննության տեսքով:

  1. Հաջողակ մարդիկ թույլ չեն տալիս չկշռադատված բացասական մտքերին ազդել սեփական գործողությունների ընթացքի վրա:

Բացասական մտածողությունը հատկապես վնասակար է երբ դրանցից ելնելով սկսում եք դրանք արդարացնել կամ ռացիոնալացնել: Այս պարագայում դուք հրաժարվում եք դուրս գալ ենթագիտակցական մակարդակում ձեր իսկ կողմից ստեղծած հարմարավետության շրջանից, որտեղ այդ բացասականն ու անհաջողությունը ոչ միայն հանգիստ գոյատևում են, այլ նաև բացատրվում են ու սկսում կառավարել ձեզ՝ առանց ձեր իրական, գիտակցական համաձայնության: Սակայն կա ավելի պայծառ այլընտրանք, որի պարագայում դուք պարզապես օդափոխում, թարմացնում եք ներաշխարհը, հրաժարվում եք հարմարավետության շրջանում գոյությունից, փոխարինում արդարացումները իրական և հուժկու պատճառներով, դրական էմոցիաներով և հավատում սեփական ուժերին:

  1. Հաջողակ մարդիկ լավ գիտեն “ոչ “բառի արժեքը

Ոչ ասելով ճիշտ ժամանակին դուք խնայում եք ինչպես ձեր, այնպես էլ մյուսների ժամանակը, ջանքերը և սպասումները: Այս առումով կարևոր է իմանալ, որ սեփական ցանկություններին և նկրտումներին բացասական պատասխան տալն անհամեմատ ավելի դժվար է: Ասացվածքն ասում է «Ես այսօր պատրաստ եմ ապրել ինչպես ոչ մեկ չի ապրում, որպեսզի վաղը կարողանամ ապրել այնպես, ինչպես ոչ մեկ չի ապրում»: Սա հաջողության բանալիներից մեկն է:

  1. Հակառակ տարածված կարծիքներին՝ հաջողակ մարդկանց համար փողը հարստանալու ամենակարևոր գործոնը չէ:

Հարստությունն ավելին է, քան փողը:  Կատարյալ հարստությունը երջանկությունն է, որն իր մեջ պարունակում է առողջությունը, փողը, ընտանեկան երջանկությունը, սեփական կարևորության և մերձավորներին օգտակարության ինքնազգացողությունները և այլն: Օգտագործելով սեփական իշխանությունը հաջողակ մարդիկ ներդնում են իրենց ազդեցությունն ու հեղինակությունը սեփական, հասարակությանը, բնական միջավայրին և երկրին աջակցելու գործին: Բարեբախտաբար վերջին տասնամյակների ընթացքում ավելի ու ավելի են շատանում նման անհատական օրինակները: Մեծագույն հաջողություն է այն, որ անհատը, կյանքի ընթացքում ստանալով, սովորելով, վերցնելով հասարակությունից այն ամենն ինչի կարիքն ունեցել է, որոշակի փուլում սկսում է վերադարձնել իր չափով նույն հասարակության բարօրության վերականգնման ու զարգացման համար: Վերադարձի ու այս իմաստով յուրօրինակ շրջանառության գործընթացը ոչ միայն նոր կամ զարմանալի չէ, այլ կազմում բնության համընդհանուր օրինաչափություն:

  1. Հաջողակ մարդիկ չեն հանձնվում:

Հաջողությունը երևույթ չէ, ոչ էլ մեկանգամյա գործողություն: Հաջողությունը գործընթաց է, որը ուղեկցում կամ լքում է մարդկան՝ կախված նրանց գործողություններից ու սովորույթներից: Հաջողակը նա չէ, ով չի ընկել, այլ նա է, ով բարձրացել է ամեն անգամ ընկնելուց հետո, քանի որ ընկնում են բոլորը: Չի ընկնում միայն նա, ով երբեք չի բարձրացել: Այս առումով շատ կարևոր է համառությունը, կայունությունն ու նպատակասլացությունը:

Մաղթում եմ շարունակական հաջողություններ : )

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել