Ջոն Մեյնարդ Քեյնսն ասում էր, որ դժվարությունն այնտեղ չէ, որ չեն ծնվում նոր գաղափարներ, խնդիրն այն է, որ չենք կարողանում հեռանալ հներից...
Ներկայումս, երբ Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, արդեն ունի որոշակի պատմական հետագիծ և փորձառություն, օրհասական անհրաժեշտություն է, որ երևան եկած գաղափարներին ու մոտեցումներին իրենց արժանին մատուցվի։ Մենք վերջապես պետք է ընդունենք, որ հարկավոր է ձերբազատվել կարծրացած ու, չեմ վախենա բառիս համար, նեխած գաղափարներից ու մոտեցումներից։
Այն ժամանակ, երբ դեռ Հայաստանը նորանկախ երկիր էր, չուներ ո՛չ փորձառություն և ո՛չ էլ պատմական հետագիծ, ինչ-որ տեղ ընկալելի էր, որ խորհրդային անցյալից ժառանգված, ինչու ոչ, նաև նորանկախ փուլում ի հայտ եկած խորքային բացերն ու թերություններն անում էին իրենց սև գործը՝ երկիրը ետ շպրտելով զարգացման ակնկալիքներից ու հնարավորություններից։ Սակայն, անցյալն անցյալով, ժամանակն է, որպեսզի պարարտ հող ստեղծվի հատկանշական գաղափարների ու մոտեցումների կենսագործման։ Հարկավոր է մեկտեղել ջանքերը, համակվել կամքով ու վճռականությամբ և թոթափել անընդունելին, կերտել նորը՝ նորովի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել