Ինչպես հայտնի դարձավ երեկ, ասեկոսեները փուչ տեղից չէին, ու ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին նոր պաշտոն տվեցին։ Ճիշտ է, խոսվում էր նրա մասին, որ Հակոբյանը փոխարինելու է Խաչատուրովին ՀՀ ԶՈւ ԳՇՊ պաշտոնում, բայց նրան նշանակեցին ԳՇՊ տեղակալ, սակայն, այսքանով հանդերձ, դա պաշտոնի բարձրացում էր, քանի որ թեև ֆորմալ առումով ԼՂՀ ՊԲ-ն առանձին կառույց է, բայց դե բոլորս էլ գիտենք, թե ինչը ոնց է, և փաստացի ՊԲ հրամանատարը հանդիսանում է ուժեղացված, լիարյուն և հրաշալի զինված բանակային կորպուսի հրամանատար, որը ղեկավարում է ՀՀ ԶՈւ լավագույն զորամիավորումներից կազմված բռունցքը, սակայն գտնվում է ԶՈւ գլխավոր շտաբի պետի ու նրա տեղակալների ենթակայության տակ։

Ըստ երևույթին, Հակոբյանին բերել են Երևան՝ որպես Սեյրան Օհանյանի հավատարիմ աջ ձեռք, ով պետք է օգնի բարձրացնել ՀՀ-ում տեղակայված ԲԿ-ների մարտունակությունն ու խելքի բերի ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները, քանզի ԲԿ-ներն այս առումով էապես զիջում են ՊԲ-ին։

Ինչ վերաբերում է ԳՇՊ արդեն նախկին տեղակալ գեներալ Լյովա Մնացականյանին, ապա արդեն կարելի է հաստատված համարել այն, որ նրան նշանակելու են ՊԲ հրամանատարի պաշտոնում, որը թեև պաշտոնի իջեցում կարելի է համարել, բայց միևնույն ժամանակ, կարծում եմ, որ միջնաժամկետ հեռանկարում դա ծառայելու է վերելքին, քանի որ իմ կանխատեսումներով՝ մինչև 2017 թվական Պաշտպանության նախարարի ու ԳՇՊ պաշտոններն ամրագրելու են հենց Մովսես Հակոբյանը ու Լյովա Մնացականյանը։

Իսկ կարճաժամկետ հեռանկարում Լյովա Մնացականյանը, ով հայտնի է կանոնադրության ու կարգապահության թունդ կողմնակից լինելու համար, առավել, քան այլ մեկը կարող է առնվազն այս մակարդակում պահել ՊԲ-ի մարտունակությունն ու կարգապահությունը, և դրա համար էլ հենց Մնացականյանին են վստահել այդ պատասխանատու պաշտոնը։

Ինչևէ, առայժմ դժվար է մինչև վերջ հասկանալ, թե ինչի համար են արվում նման խոշոր տեղաշարժեր գեներալիտետի կազմում։ Մինչ ոմանք դա փորձում են բացատրել բացառապես նրանով, որ սրանք նախապատրաստական քայլեր են՝ գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ, ես առնվազն չէի բացառի նաև հակամարտության թեժացման նոր փուլի վերահաս վտանգը, քանզի Բաքվում կայացող խաղերի ավարտից հետո իրավիճակը կարող է կրկին մոտենալ պատերազմի ակտիվ փուլի վերսկսմանն առավել քան երբեք, և եթե դա իրոք այդպես է, ապա առավել քան տրամաբանական են կադրային այս փոփոխությունները, քանզի բարեփոխումներ պետք են ոչ միայն բանակի ստորին օղակներում, այլև ու առաջին հերթին հենց գեներալիտետի մակարդակով, քանզի պատերազմները հաղթում են գեներալները, իսկ մեր գեներալիտետի դեմքն այսօր թեև փոխվել է, բայց ոչ այնքան, որ հնարավոր լինի ասել, որ դրանից միայն հաղթանակի լույս է ճառագում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել