Արամի մահից հետո Հայաստանի խնամակալությունը անցնում է որդուն՝ Արա Գեղեցիկին։ Այդ ժամանակ Ասորեստանում տակավին թագավորում էր Նինոսը, որը նույնպիսի արքայական շնորհների է արժանացնում Արային, ինչպես նրա հորը՝ Արամին։ Իսկ Նինոսի կինը՝ վավաշոտ և այրասեր Շամիրամը, բազում տարիներ լսած լինելով Արայի անզուգական գեղեցկության մասին, անհուն տարփանքով տենչում էր տեսնել նրան, բայց ամուսնու ահից չէր համարձակվում իր ցանկությունն իրականացնել։
Երբ վախճանվում է Նինոսը, Շամիրամը չի կորցնում պահը, իր տարփանքը համարձակորեն բացահայտելով, պատգամավորներ է առաքում Արա 
Գեղեցիկի մոտ, ճոխ ընծաներով, բազում աղերսանքներով ու պարգևների խոստումով խնդրում է Արային գալ Նինվե, կամ ամուսնանալ իր հետ և բոլորի վրա թագավորել, կամ էլ իր տարփալից ցանկությունը կատարել և մեծամեծ նվերներով ու խաղաղությամբ իր երկիրը վերադառնալ։ Շամիրամի պատգամավորները գալիս են Հայաստան, բայց Արան կտրականապես մերժում է Շամիրամի կամքը կատարել։
Շամիրամը փութով գալիս հասնում է Արայի դաշտը, որ հետագայում նրա անունով կոչվեց Այրարատ։ Այստեղ, ճակատամարտից առաջ, Շամիրամը պատվիրում է իր զորապետներին՝ ամեն կերպ ջանալ կենդանի պահել Արային։ Բայց մարտի ժամանակ Արայի զորքը կոտորվում է, Արան էլ ընկնում է պատերազմի դաշտում Շամիրամի կտրիճներից։
Հաղթությունից հետո Շամիրամ տիկինը ճակատամարտի վայրն է առաքում դիահավաքներին՝ դիակների մեջ փնտրելու իր բաղձալի տարփածուին։ Արային գտնում են մի խումբ քաջամարտիկների մեջ սպանված։ Շամիրամը հրամայում է Արայի դին դնել ապարանքի վերնատանը։ Շամիրամը արձան է կանգնեցնում Արային հարություն տվող աստվածների անունով և նրանց պատվին մեծամեծ զոհեր մատուցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել