«Օգնեք կատարել տնայիններս» անունով հրաշք խումբ կա։ «Օգնեք»-ը, բնականաբար ոչ թե իսկապես օգնելն է, այլ «պատասխանը միանգամից ասեք»-ն է, «լուծումը պատրաստի տվեք»-ը, «իմ տեղը գրեք»-ը։ Հիմնականում դպրոցականներ են, բայց ուսանողներ էլ կան։ Ռեֆեռատ.ռու, Կուռսային.ամ, փողով գրվող ատենախոսություններ (այդ թվում և դոկտորական) և այլն, և այլն, այդ ամենի մասին էլ գիտեմ ու չեմ կարծում, որ որևէ մեկի համար այդ ամենը նորություն է։

Ցանկացած մտածող մարդ հասկանում է, որ սա խնդիր է։ Հասկանում է, որ տգետների արտադրությունը դրված է արդեն արդյունաբերական հիմքերի վրա։ Բայց խնդիրն իրականում շատ ավելի խորն է, քան զուտ «օժիտային կրթությունը»։

Հիմա շատ խորանալու հավես ու ժամանակ չունեմ, բայց մտածելու թեմա տամ, խորացեք. Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ այսօր իրենց կյանքից ծախսում են 12 + 4 + 2 (ոմանք էլ դեռ + 3 տարի) ու փեշով փող են թափում՝ փոխարենը ստանալով մեծ մասամբ անիմաստ թղթի կտոր ու շատ քիչ գիտելիք, որը կարելի էր և 6 տարում ստանալ։ 18 կամ 21 տարի, գրողը տանի, բերանո՞վ եք ասում։ Ասենք՝ եթե մարդուն 6 տարեկանում բանտ նետեին, հետո հանեին բանտից 24 տարեկանում ու ձեռքը տային, օրինակ՝ բանասիրական գիտությունների մագիստրոսի կոչում, դեպքերի 80 տոկոսում առանձնապես տարբերություն չէր լինի գիտելիքի առումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել