Գուցե իրավունք չունենք խառնվելու մեկ այլ պետության ներքին խնդիրներին, քննադատելու մեկ այլ երկրի իշխանություններին՝ իրենց արժեքների նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու մեջ, բայց այս դեպքում հարցը վերաբերում է ազգային մշակույթին, ազգային հարստությանը, մի քանի տասնյակ արվեստագետի ճակատագրին, ահռելի ավանդույթներ կուտակած օջախին: Խնդրո առարկան Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն է, ԼՂՀ-ի հնագույն և ամենախոշոր մշակութային կառույցը, որը ստեղծվեց Խորհրդային Ադրբեջանի կառավարության որոշմամբ և կարողացավ դիմակայել բոլոր գաղափարախոսական և հակահայկական ճնշումներին: Սակայն այսօր, անկախ պետականության պայմաններում, այս թատրոնն այլևս ի զորու չէ դիմագրավել միտումնավոր անտարբերությանը, այն ծածուկ մտադրություններին, որոնք կարծես թե արդեն հայտածվում են, ջրի երես դուրս գալիս…

Ու այլևս լռելն անիմաստ է: Գուցեև հանցագործություն է, որովհետև դրված է այս թատրոնի լինելիության հարցը: Բազմիցս գրել ու ահազանգել էինք, որ թատրոնի շենքը պիտանի չէ շահագործման, որ Արցախում ամենախայտառակ վիճակում գտնվողը երկրի գլխավոր մշակութային օջախն է, որ այստեղ դերասանները ստեղծագործում են ծայրահեղ ծանր պայմաններում՝ ձմռանը ծվարելով մի վառարանի շուրջ, խաղալով ցուրտ դահլիճում: Բազմիցս ենք գրել այն մասին, որ այս թատրոնի զուգարանների առաստաղից անընդհատ ջուր է թափվում, որը քայքայում է շենքի հիմքերը, որ բեմը զրկված է տարրական տեխնիկական հնարավորություններից, լուսային սարքավորումներից, որ թատրոն բերող աստիճանները քանդված ու ավերված են, որ հանդիսատեսը թատրոն չի գալիս, որպեսզի զերծ մնա անհանգստություններից, չսառի ցրտից, մի կերպ չտեղավորվի ավերակ դարձած բազկաթոռներին… Գրել էինք նաև, որ թատրոնը չունի երիտասարդ դերասաններ, որ հարկավոր է մտահոգվել թատերական կրթության կազմակերպման հարցերով: Այս հարցերը բարձրաձայնել էինք ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար տիկին Նարինե Աղաբալյանի մոտ: Մի մտավորականի, որը շահագրգռված է իր երկրի մշակույթով, մեծ ջանքեր է գործադրում՝ Ղարաբաղը մշակութային կենտրոն դարձնելու համար, հատկապես սևեռված է Շուշին մշակութային մայրաքաղաք ու քաղաքակրթությունների խաչմերուկ հռչակելու գաղափարին: Բայց… Նախարարն ընդամենը պետության կողմից լիազորված մարմնի ղեկավար է, որը չունի լայն իրավասություններ և չունի հարցերն ինքնուրույնաբար լուծելու հնարավորություններ: Ամեն ինչ երկրի նախագահի ու կառավարության ղեկավարի ձեռքերում է: Մենք կարողացանք համատեղ ուժերով հասնել այն բանին, որ Շուշիում բացվեց ԵԹԿՊԻ Գորիսի մասնաճյուղի Ղարաբաղի կուրս-արվեստանոց, որի նկատմամբ հոգատար վերաբերմունք ունի բուհը: Բայց այդ հոգատարությունն այլևս պետք չէ, որովհետև պարզվում է, որ ԼՂՀ իշխանություններին պետք չէ այս կուրս-արվեստանոցը, որը թատրոնի համար դերասաններ է պատրաստում: Չխոսենք այս երկրի վարչապետի մասին, որն այդ պաշտոնը զբաղեցնում է սեփական բիզնեսին զարկ տալու, օրավուր Ղարաբաղում նորանոր հարստություններ դիզելու համար: Համոզված ենք, որ այդ վարչապետը ոչ թատրոնի տեղը գիտի և ոչ էլ հասկանում է, թե ինչ է թատրոնը: Նրանը փող դիզելն է, սոցիալական ծանր պայմաններում ապրող Արցախի բնակչության տրտունջների խորապատկերին՝ հարստանալը: Արվեստի ու մշակույթի նկատմամբ որոշակի հոգածություն է տածում երկրի նախագահ Բակո Սահակյանը: Ուստի այս անգամ զարմանալի է նրա անտարբերությունը թատրոնի հանդեպ, որն իսկապես կազմաքանդվում է: Կոլեկտիվն աշխատում է մշակույթի և երիտասարդության պալատում, որը չի համապատասխանում թատրոնի առաջադրած պահանջներին: Թատերախումբը գրեթե կազմաքանդվել է, հեռացել են մասնագիտական կրթություն ստացած երիտասարդները, որոնցից մնացել է ընդամենը երկու հոգի: Նրանցից էլ Գենադի Առուշանյանը շատ շուտով կլքի թատրոնը, որովհետև չի կարելի մատնվել պարապության ու անտարբերության, չի կարելի ապրել ողորմություն ստացողի կարգավիճակով: Ղարաբաղում իշխանության ներկայացուցիչները փթթում ու ծաղկում են, բազմապատկում են իրենց ֆինանսական հոսքերը, նրանք գրեթե բոլորն էլ Երևանում բնակարաններ ունեն, բիզնես ունեն: Ու թատրոնն ու թատրոնի մարդիկ նրանց պետք չեն:
2012-ին ԼՂՀ իշխանությունների որոշմամբ պիտի սկսվեր թատրոնի շենքի հիմնանորոգումը, որի ճարտարապետական նախագիծը ստեղծել է Արթուր Մեսչյանը: Որոշվել էր հատկացնել առաջին տարում140 մլն դրամ՝ աստիճանաբար ավելացնելով ֆինանսավորումը: Մինչև այսօր ոչ մի լումա չի ներդրվել հիմնանորոգման աշխատանքներին, մինչդեռ 2014 թվականին արդեն պիտի ավարտվեին այդ աշխատանքները: Ես գրավոր դիմեցի ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին՝ տեղեկացնելով, որ բանակցություններ են վարվել «Հայաստան» հիմնադրամի Նյու-Յորքի գրասենյակի հետ, որը պատրաստ է լուծել որոշակի հարցեր, ընդհուպ մինչև կատարել մեկ միլիոն դոլարի նպատակային հանգանակություն՝ այս հարցում միջնորդ ունենալով Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Լևոն Ջավադյանին: Սակայն ինձ պատասխանեցին, որ խնդիրը գտնվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուշադրության կենտրոնում, որ աշխատանքներ են տարվում հովանավորի հետ: 2013-14 թվականներին ես հանդես եկա կոչով՝ խնդրելով «Հայաստան» հիմնադրամի հանգանակություններից յուրաքանչյուր տարի 1,5 մլն դոլար տրամադրել Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնի հիմնանորոգմանը: Ձայն բարբառո անապատի… ԼՂՀ իշխանությունները և հիմնադրամի տնօրինությունը չարձագանքեցին: Պատճառները լավ գիտեմ, հասկանում եմ…
Այսօր արդեն կարելի է ասել, որ մտադրություն կա Ղարաբաղում յուրացնել թատրոնի շենքի տարածքը, հանձնել որոշակի գործարարի: Թատրոնի հարևանությամբ հսկայական համալիր է կառուցվում: Իմ բազմաթիվ հրապարակումներից հետո գուցե վախեցան վճռական քայլերի դիմել, բայց, համոզված եմ, այդ մտադրությունից չեն հեռացել, որովհետև մինչև օրս հարևանությամբ գտնվող կինոթատրոնի շինարարությունն էլ առաջ չի գնում…
Բայց հեշտ չէ թատրոն քանդելը, թատրոն ավերելը, արվեստագետներին փողոց շպրտելը… Սերունդների անեծքը կբազմի այդ մարդկանց ճանապարհին, նրանց անունների կողքին ազգային դավաճան կապակցությունը կգրվի: Կարծում եմ, որ Երևանում բնակվող, պետական բարձր պաշտոններ զբաղեցնող ու գործարարությամբ զբաղվող շատ ղարաբաղցիներ պիտի մտահոգվեն, պիտի մտահոգվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որովհետև այսօր իր ծննդավայրի գլխավոր մշակութային օջախի գլխին դամոկլյան սրի նման կախված է ոչնչացման վտանգը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել