Ըստ տարածված կարծիքի՝ անկանխատեսելիությունը համարվում է իրանական քաղաքական համակարգի գլխավոր առանձնահատկություններից մեկը: Սակայն վերոնշյալ պնդումը բնավ չի համապատասխանում իրականությանը, քանի որ այս տեսակետին հարողներն այն քաղաքական գործիչներն ու պետություններն են, որոնք հիմնականում հակաիրանական քաղաքականություն են վարում:

Իրականում չի կարելի չնկատել, որ Իրանի արտաքին քաղաքականությունն իրականացվում է տրամաբանորեն մտածված և նախապես ծրագրված քայլերի հաջորդականությամբ` արտաքին քաղաքականությունն իրականացնելիս առաջնահերթությունը տալով տնտեսության արդիականացմանը և զարգացմանը:
2015 թվականին հասկանալի պատճառներով Իրանի արտաքին քաղաքականությունն իրականացնելիս ավելի մեծ տեղ է հատկացվում և շարունակում է հատկացվել տնտեսական գործոնին, ինչն արդեն իսկ կարճ ժամանակահատվածում հասցրել է նկատելի դառնալ: Իհարկե, պետք է շեշտել, որ այս քաղաքականությունը չի իրականացվում միայն համաշխարհային տնտեսության մեջ իրանական (և ոչ միայն) նավթի գնի անկումից հետո:

Իրանի ղեկավարության կողմից ընդունված մի շարք միջոցառումներ` դոտացիաների կրճատում, որոշ հարկերի ավելացում և ազգային արժույթի իջեցումը, միանշանակ, կարող են մեղմել էներգակիրների գների նվազման հետևանքով երկրի տնտեսությանը հասցված վնասները:
Տնտեսության վերականգնմանն ուղղված վերոնշյալ քայլերը նավթի գների անկումից հետո դրական ազդեցություն կարող են ունենալ երկրի տնտեսության վերականգնման գործում: Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ փորձագետներն ամեն դեպքում պնդում են, որ նույնիսկ պատժամիջոցների վերացումից հետո Իրանը մինչև 2016 թվականը չի կարող վերադառնալ նավթի արտահանման նախկին մակարդակին:

Հարկ է նկատել, որ իրանական նավթի` միջազգային նավթային շուկա վերադառնալու և նախկին ծավալներով սպառման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի: Ե’վ պատժամիջոցների վերացման, և’ միջազգային նավթային շուկա նավթի արտահանման խնդիրը կլուծվի միայն այն ժամանակ, երբ «վեցնյակի» բանակցությունների արդյունքում կողմերը վերջնական հայտարարի կգան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել