Ուղիղ 82 տարի առաջ այս օրը` 1930թ. նոյեմբերի 6ին, Երևանի քաղխորհուրդը կայացրեց քաղաքի ամենամեծ թաղում` Շհարում, գտնվող Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին քանդելու մասին «հանճարեղ» որոշումը: Որքան էլ Ալեքսանդր Թամանյանը պայքարեց եկեղեցու պահպանման համար, միևնույն , խորհրդային իշխանությունները անդրդվելի էին: Սուրբ Պողոս-Պետրոս եռանավ տաճարը եղել է Երևանի հնագույն և ամենամեծ եկեղեցին` կառուցված 5-6-րդ դդ.: Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը զուսպ էր, անպաճույճ: Ուներ թիթեղյա երկթեք տանիք, որը քարե սալածածկ տանիքի վրա 19-րդ դարի կարկատան էր: Թեև թե՛ ներսից, թե՛ դրսից պատերը շարված էին սրբատաշ քարերով, բայց ճարտարապետական որևէ գեղեցկություն չունեին: Այս եկեղեցու մասին շատ քիչ բան է հայտնի, քանզի հնությունների պաշտպանության կոմիտեն եկեղեցին քանդելուց առաջ այն չչափագրեց, որն անհրաժեշտ էր պատմության համար: Նրա գոյության լուռ վկաներից են միայն Մատենադարանում պահպանվող 20 մասունք ձեռագրերը և ճարտարապետ Կարո Ղաֆադարյանի, հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի, Երվանդ Շահազիզի և այլոց տարիների կատարած աշխատանքները` հավաքած նյութերը և կատարած ուսումնասիրությունները, որոնք Հին Երևանի հնագույն շինությունների պատմության անգնահատելի նմուշներ են: 

Ներկայումս եկեղեցու տարածքում է գտնվում Մոսկվա կինոթատրոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել