Ամեն տարի այս օրերին պարտքս եմ համարում ձեզ հիշեցնել մի մարդու մասին, ով եթե չլիներ, գուցե թե այսօր Հայաստան պետություն գոյություն չունենար:

«Փորձառու, բայց անվճռական գեներալ Թ.Նազարբեկյանը կորցրել էր հաղթանակի հույսը և պահանջում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ, որոնք, սակայն, շարունակում էին առաջխաղացումը։ Ուստի, նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում և ներկայացնում Թ. Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սևան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ։

«Փառք և պատիվ հայ արյան» վկայում է ականատեսը, որովհետև խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանը), այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում և հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանութիւն է։ Ո՛չ ոք իրաւունք ունի այդպէս վարուելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանօթներով այս իսկ րոպէին կը մեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է և հայու արիւն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետևից գա»։

Նրան է միանում վիրավոր պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը, ով Երևանից ստացել էր Արամ Մանուկյանի պահանջը՝ դիմանալ գոնե երեք օր, քանզի Ղարաքիլիսան գրավելուց հետո թուրքական բանակը Դիլիջան-Սևան-Ախտա գծով կարող էր շրջանցել Երևանը։ Ապստամբած և ի վերջո Թ. Նազարբեկյանի համառությունը կոտրած զորքը՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանի թնդանոթաձիգների ու Նժդեհի հեծյալ հարյուրյակի առաջնորդությամբ, մայիսի 24-ին վերադարձավ Ղարաքիլիսա»։
Սկսվեց ճակատամարտը:

Գուրգեն Տեր-Մովսիսյանը հրետակոծում է թշնամու դիրքերը, սակայն նկատում է, որ առաջին գծում պասիվություն է տիրում: Հեծնում է ձին, թողնում է իր դիրքը ու սլանում առաջին գիծ, զինվորներին քաջալերում ու տանում հարձակման: Եվ այդտեղ էլ զոհվում է հերոսաբար...
Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4-օր, մայիսի 25-28-ը: Այն 1918 թվականին Արևելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած երեք ճակատամարտերից ամենախոշորն ու միաժամանակ ամենահերոսականն է։ Հաջողվում է կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան, և Սարդարապատի ճակատամարտում հայերին հաջողվում է հաղթել այդպես էլ համալրում չստացած թշնամուն, և երկիրը փրկվում է կործանումից:

Փաստորեն, եթե Գուրգեն Տեր-Մովսիսյանը չընդվզեր զինվորական ղեկավարության որոշման դեմ ու քաջություն չդրսևորեր, ապա այսօր Հայաստանը գուցե թե գոյություն չունենար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել