Աշխարհում առկա գերուժերի մրցակցության վերաբերյալ լրացուցիչ պատկերացում ստանալու համար հարկավոր է, թերևս, հաշվի առնել այն հանգամանքը, որ գլոբալիզմի նախագիծն առաջ մղող պետությունների կորիզը կազմող ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան ու Նոր Զելանդիան անմիջականորեն վերահսկում են համաշխարհային ցամաքի 27.5 միլիոն քառակուսի կիլոմետր տարածքը՝ միաժամանակ ունենալով մոտ 433 միլիոնից փոքր-ինչ ավելի բնակչություն: Այդ նախագծին հակազդելու հավակնություն ունեցող Ռուսաստանն իր համար ցանկալի ու հավանական դաշնակիցներ հանդիսացող Չինաստանի և Հնդկաստանի հետ միասին վերահսկում է մոտ 29.9 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք, մինչդեռ նրանց ընդհանուր բնակչության թիվը կազմում է մոտ 2.670 միլիարդ մարդ: Ընդ որում, եթե գլոբալիստ պետությունների խմբավորումը համեմատաբար նույնական է լեզվի, կրոնական պատկերացումների, մշակութային նկարագրի ու պատմական ընդհանրական անցյալի տեսանկյունից, ապա հակագլոբալիստներն աչքի են ընկնում այս բոլոր ոլորտներում ունեցած բացարձակ տարբեր նկարագրով: Անհրաժեշտ է հավելել նաև, որ գլոբալիստներն անհամեմատ ավելի մեծ ազդեցություն ունեն Աֆրիկայի, Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Օվկիանիայի պետություններում, քան հակագլոբալիստ պետությունների պոտենցիալ ընկերակցությունը: Այս թվային տվյալները տպավորիչ են, սակայն ամենևին էլ չեն կանխորոշում ծավալվող մրցակցության կամ հնարավոր դիմակայության ելքը. հաջողությունը բաժին կհասնի նրանց, ովքեր կկարողանան առավել արդյունավետ համաշխարհային նոր այնպիսի օրակարգ ձևավորել, որն ունակ կլինի կազմալուծել հակառակորդ կողմի միասնությունն ու կիմաստազրկի նրա կողմից հետապնդվող ընդհանուր նպատակները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել