Մի ծառն ի՞նչ է, որ լրագրողները «Հայոց հարց» սարքեցին ու Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի շուրջ այսքան աղմուկ բարձրացրեցիք: Պարոն Դարբինյանն ամեն կերպ փորձում է լուծել քաղաքի առաջնային խնդիրները, բայց լրագրողները խոչնդոտում են մանր-մունր հարցերով, օրինակ` ապօրինի ծառահատումների վերաբերյալ հրապարակումներով:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա անընդհատ սկանդալային պատմությունների մեջ հայտնվող այս պաշտոնյայի համար մի հատված ծառը «թեմա» չէ, որ գրեն, հենց որ քաղաքում միանգամից 25 ծառ հատվի, այդ ժամանակ լրագրողները կարող են գնալ ու իսկապես «իրենց գործով զբաղվեն», լուսաբանեն, որքան կցանկանաք:

Վանաձորի քաղաքապետը հատված ծառերի մասին այնպիսի անտարբերությամբ է խոսում, ասես ամեն առավոտ քաղաքապետարան գնալու ճանապարհին ձեռքի հետ մի երկու ծառ է տնկում, հետո հետևում, որ չհատեն: Մեր երկրում, ուր ծառերն անխնա հատվում են, մի ծառը կամ ծառի կտրված ճյուղն անգամ չափազանց կարևոր է: Ամեն անգամ մի-մի ծառ կտրելու արդյունքում կարող ենք ապագայում թթվածնային դիմակներով շրջել:

Ի դեպ, քաղաքապետին խանգարող լրագրողների մասին. Սամվել Դարբինյանը նրանց դիմակայելու ուժ չունի, օրերս դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, թե խնդրում եմ` «էդ լրագրողների դեմն առեք»: Տարակուսած վարչապետը, սակայն, չի արձագանքել խնդրանքին:

Այս օրերին ԶԼՄ-ները փորձեցին մեկնաբանություններ ստանալ Սամվել Դարբինյանից: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Դարբինյանը կրկին նեղսրտել է: Նա ասել է` «աբսուրդ է, թե մեղք դեմքով եմ խնդրել»: Ուշագրավ է, որ Սամվել Դարբինյանը նույնիսկ չի փորձել հերքել, որ անհեթեթ խնդրանքով դիմել է վարչապետին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել