Միշտ չէ, որ հնարավոր է լինում տեսնել ընթացող աշխարհաքաղաքական ու ներպետական գործընթացների անմիջական կապն այն ելակետային իրադարձությունների հետ, որոնք եղել են նշված գործընթացների մեկնարկի և հետագա զարգացման իրական խթանը: Թերևս այսօր կարող է տարօրինակ թվալ, եթե ասվի, որ Արևմուտքի քաղաքական վերնախավերի գործողությունները 1998-1999թթ. մեծապես կանխորոշեցին Վլադիմիր Պուտինի հետագա ճակատագիրը որպես ՌԴ ապագա նախագահ, որի հանդեպ պաշտոնական Վաշինգտոնը, Լոնդոնը, Բրյուսելը և այլք այսօր բավականին կոշտ անհանդուրժողության ու մեկուսացման դիրք են զբաղեցրել: Բանն այն է, որ 1998թ. ընթացքում Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունները յուրօրինակ նախապատրաստական-ներածական դեր կատարեցին կուսակցական-նոմենկլատուրային քաղաքական գործիչ հանդիսացող Բորիս Ելցինից մի նոր առաջնորդի՝ անվտանգության ծառայության աշխատակիցների աջակցությունը վայելող Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահական իշխանության շտապ փոխանցումն իրականացնելու տեսանկյունից: 1998թ. Ռուսաստանում սկսեց տնտեսական աղետի հոտ գալ: Օգոստոսի 17-ին հայտարարվեց դեֆոլտ: Դեֆոլտից մեկ ամիս առաջ Վլադիմիր Պուտինը զբաղեցրեց Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարի պաշտոնն ու ձեռնամուխ եղավ դրա վերակազմավորման գործին: Նա այդ պաշտոնին մնաց նաև Եվգենի Պրիմակովի կառավարության կազմում՝ ընդհուպ մինչև վերջինիս հրաժարականը 1999թ. մայիսին: Դեֆոլտի արդյունքում Ռուսաստանի տնտեսական ներուժը, փաստորեն, զրոյացավ, իսկ երկրի սահմաններից դուրս բերվեց ավելի քան 1,2 տրիլիոն դոլար: 1999թ. մարտին վրա հասավ իքս ժամը՝ ամսի 12-ին Չեխիան, Լեհաստանը և Հունգարիան պաշտոնապես անդամակցեցին Հյուսիս-ատլանտյան դաշինքին, իսկ ամսի 24-ին ԱՄՆ-ը պաշտոնապես իրազեկեցին ռուսական իշխանություններին այն մասին, որ ընդունվել է Հարավսլավիան ռմբակոծելու որոշումը: Մարտի 26-ին Վլադիմիր Պուտինը ստանձնեց ԱԽՔ-ի պաշտոնը, իսկ արդեն մայիսի սկզբներին նախագահ Ելցինը որոշում կայացրեց նրան իր քաղաքական իշխանության ժառանգորդը դարձնել, ապա՝ օգոստոսի 16-ին, նշանակեց երկրի վարչապետի պաշտոնում: Դեկտեմբերի 31-ին Բորիս Ելցինը հրաժարական տվեց, իսկ Վլադիմիր Պուտինը դարձավ ՌԴ նախագահի պաշտոնակատար: NATO-ի ընդլայնմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները մի քանի տարի են տևել՝ դրանք ընթանում էին բաց ռեժիմով «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, սակայն, ինչպես երևում է, ռուսաստանյան բարձրագույն ղեկավարությունը ոչ մի կերպ չէր ուզում հավատալ նրան, որ արևմտյան առաջնորդներն այս գործը կհասցնեն ավարտին: Այդուհանդերձ՝ դեֆոլտը զրկեց Ռուսաստանին NATO-ի ընդլայնմանը դիմադրելու համար անհրաժեշտ ֆինանսա-տնտեսական գործիքներից, իսկ Հյուսիսային Կովկասում օպերատիվ իրավիճակի կտրուկ սրացումն էլ ստիպեց, որ ՌԴ իշխանությունները կենտրոնանան ներքին մարտահրավերները հաղթահարելու խնդրի լուծման վրա: Արդյունքում Արևմուտքը ստացավ NATO-ի համար շատ կարևոր նոր անդամներ և, հավանաբար, նախապես այդ անդամության դիմաց կորզեց Հարավսլավիայի ռմբակոծման հարցում նրանց համաձայնությունն ու աջակցությունը, իսկ Ռուսաստանի ձեռքբերումն այն էր, որ իշխանությունն անցավ պետականակենտրոն մտածողությամբ աչքի ընկնող քաղաքական գործիչների թիմի ձեռքը, որոնց լուծելիք առաջնահերթ խնդիրը դարձավ երկրի տարածքային ամբողջականության պահպանումը: Թերևս այդ է պատճառը, որ ՌԴ ներկայիս ղեկավարները մշտապես կշտամբում են արևմտյան գործընկերներին՝ նախկին սոցիալիստական ճամբարի պետությունների անդամակցության հաշվին NATO-ն չընդլայնելու վերաբերյալ տված իրենց խոստումը դրժելու համար: Սակայն գործն արդեն արված է և վերադարձը նախկին իրողություններին այլևս անհնար է: Մինչդեռ NATO-ի ու ԵՄ-ի փաստացի ընդլայնման գործընթացը պարունակում է նաև դեռևս իր գործնական կիրառման ժամին սպասող մի հսկայական ներուժ, որն, ի թիվս այլոց, պարունակում է Եվրոպայի անվտանգության ապահովման հետ կապված լուրջ հետևանքներով հղի տհաճ անակնկալներ: Կարելի է ասել, որ հենց NATO-ի ընդլայնման գործընթացը ծառայեց որպես հիմնավորում Ռուսաստանն օտար-թշնամական նկրտումներից ու խարդավանքներից փրկելու գաղափարի արդիականացման համար, իսկ երկրի փրկիչները լինելու պատվին էլ արժանացան համեմատաբար երիտասարդ, հայրենասեր, գործունակ և գաղափարակիր, ԽՍՀՄ ՊԱԿ-ում ծառայություն և կյանքի դպրոցն անցած մարդիկ: Այն ժամանակ նրանք ստիպված եղան գործել ռազմա-քաղաքական և տնտեսական ցայտնոտի իրավիճակում, որը մեր ժամանակներում կարծես աստիճանաբար կերպափոխվում է գլոբալ ցուգցվանգի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել