Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն (ինչպես արդեն նշվել է) աշխատում է մեկ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման նախագծի վրա: 
Ըստ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի` արդեն ձևակերպված են սահմանադրական կարգի հիմունքներին, մարդու հիմնական իրավունքներին և ազատություններին վերաբերող սահմանադրական փոփոխությունների նախագծի առաջին երեք գլուխները: Իսկ ինչ վերաբերում է Կառավարությանը, Ազգային ժողովին և Հանրապետության նախագահին վերաբերող գլուխներին, ապա դրանց վրա աշխատանքները դեռևս շարունակվում են:

Հարկ է նկատել, որ հանձնաժողովն առաջարկություններ է ստացել շուրջ 14 կուսակցություններից: Ազգային ժողովում ներկայացված կուսակցություններից առաջարկություններ են ներկայացրել միայն Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, «Ազատություն» կուսակցությունը, իսկ արդեն վերջերս կտրուկ ակտիվացավ «Օրինաց երկիր» կուսակցությունը: 
Թեպետ ամիսներ առաջ ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ներկայացնելով մի շարք փաստարկներ և հիմնավորումներ, նշել էր, որ իրենք կտրականապես դեմ են սահմանադրական փոփոխություններին և դրա կարիքը չեն տեսնում, սակայն փաստը մնում է փաստ, որ այսօր ՕԵԿ-ը Դաշնակցությունից հետո երկրորդ կուսակցությունն է, որը հանձնաժողովին ուղարկել է առաջարկությունների փաթեթ և համագործակցության պատրաստակամություն հայտնել:

Ինչևէ, հաշվի առնելով Սահմանադրական փոփոխությունների կարևորությունը երկրի հետագա զարգացման գործում՝ մնում է հուսալ, որ համագործակցության արդյունքները մոտ ապագայում շոշափելի կլինեն:
Նշենք նաև, որ Գագիկ Հարությունյանը պատրաստվում է մայիսի 18-ից 19-ը հանդիպել Վենետիկի հանձնաժողովի հետ, իսկ արդեն մայիսի 22-ին նա և հանձնաժողովի անդամները, ամենայն հավանականությամբ, կհրապարակեն սահմանադրական փոփոխությունների` արդեն իսկ պատրաստ տարբերակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել