Նրանց կարելի է անվանել տարբեր անուններով` մոգ, էքստրասենս, պայծառատես, գուշակ և այլն: Անունները տարբեր են, բայց էությունը նույնն է: Դա հնագույն ինստիտուտ է, որ գուշակում է ճակատագիրը, որն էլ առաջացել է մարդկության հետ միասին:
Ի դեպ, Ռուսաստանում կառավարությունը որոշում է կայացրել արգելել բոլոր կասկածելի մասնագիտություն ունեցող անձանց ինքնագովազդը: Համաձայն վիճակագրության` գուշակների հաճախորդների 80%-ը իգական սեռն է: Չափազանց շատ են դիմողները հենց սիրային, ընտանեկան թեմաներ լուծելու նպատակներով: Երկրորդ տեղում իրենց հանրաճանաչությամբ առանձնանում են փողի, բիզնեսի հետ կապված հարցերը:
Համաձայն վիճակագրության` այսօր Հայաստանում էլ գործում են հարյուրավոր գուշակներ, «բախտ նայողներ», «կարտ գցողներ», «կոֆեյի բաժակ նայողներ» կամ «թուղթուգիր բացողներ կամ փակողներ»: Այսօրվա տվյալներով նրանց զբաղվածության շեմը բավականին բարձր է, նրանց այցելում են հարյուրավոր մարդիկ, և նրանց տարեկան եկամուտն ավելին է, քան յուրաքանչյուր միջին կամ որոշ դեպքերում՝ նույնիսկ միջինից բարձր աշխատավարձ ստացող հասկանալի մասնագիտության տեր անձի աշխատավարձը: Նման անձանցից ոմանք գումար չեն պահանջում, այսինքն՝ իրենց լեզվով ասած՝ թե ինչքան կվճարես «թողնում են քո խղճին», բայց, միևնույն է, հայտնի տվյալներ կան, որ 1000 դրամից պակաս տալն առաջ է բերում նրանց դժգոհությունը, որը վախեցնում է շատերին, քանի որ մտածում են գուշակը նրանց կանիծի, և գործերը կսկսեն անհաջող ընթացք ստանալ իրենց համար: Դրա համար մարդիկ աշխատում են ավելի շատ վարձատրել նրանց նույնիսկ այն դեպքում, երբ լսել են այն, ինչ իրենք էլ շատ լավ գիտեին: Ոմանք մարդկանց ազատում են վճարման այդ հարցերի շուրջ երկար-բարակ մտածելուց և կոնկրետ գներ են առաջարկում ցանկացած կատարած աշխատանքի համար: Գինը շատերը որոշում են տեղում. կախված է հաճախորդի հագուկապից, ավտոմեքենայի մակնիշից և այլն: Կան գուշակներ, որոնք իրենց գովազդում են մեզ շատ հայտնի թերթերում: Մնացածը ընտրում են գովազդի և գների մասին տեղեկացնելու ավելի խորամանկ տարբերակ՝ նախօրոք բնակչության մեջ շշուկների տարածման միջոցով:

Բոլոր մարդիկ որոշ չափով ներշնչվող են: Ներշնչանքի ուժը կախված է նրանից, թե մարդու համար ներշնչող անձը որքանով է հայտնի: Բախտագուշակներին հավատում են, քանի որ նրանք ունեն դարերից եկած փորձ, պատմություն: Ինչպես առաջ, այնպես էլ հիմա գուշակները տարբեր են, ոմանք ի ծնե շնորհ ունեն և, իրոք, նրանք ունեն հստակ արդյունք: Այդպիսինները աշխատում են երկար և իրենց գաղտնիքները փոխանցում են իրենց աշակերտներին: Ոմանք խաբեբաներ են, նրանք օգտվում են մարդու միամտությունից, որոնք հավատում են, թե հրաշք է կատարվելու, և բոլոր երազանքները կիրականանան: Մենք բոլորս էլ հավատում ենք հրաշքներին և պատահում է, որ այն իրականում կատարվում է:
Բժշկության մեջ կա այնպիսի մի երևույթ, որը կոչվում է «պլացեբոյի էֆեկտ»: Մարդուն տալիս են սովորական ջուր և ասում, որ դա դեղ է, և այն խմելով` կփրկի իր կյանքը: Մարդը հավատում է, խմում և առողջանում: Նույն ձևով գուշակները մարդկանց տալիս են թալիսմաններ և ներշնչում նրանց, որ այն կբերի հաջողություն և հարստություն: Եվ մարդը, կրելով այն, զգում է, որ իր մոտ ամեն ինչ լավ է:
Հաջորդ մեխանիզմը, որ օգտագործում են գուշակները, որի հիմքում հենց ընկած է գուշակությունը, ինչ-որ տեքստերին դիմեկն է: Գիտնականները ուսումնասիրել են և այն անվանել ն.լ.ծ.:
Այս մեխանիզմի հիմքում ընկած է այն, որ մարդու ուղեղը կառուցված է համակարգչի պես: Ավելի ճիշտ՝ համակարգիչը պատրաստված է, ինչպես մարդու ուղեղը: Ե´վ համակարգչին, և´ ուղեղին տալիս են ծրագիր, և դրա հիման վրա կատարվում է գործողություն:
Գուշակները հոգեբանից տարբերվում են իրենց մեթոդներով: Գուշակների մոտ շատ են ծիսակարգերը: Սակայն ծիսակարգերը միայն բավարար չեն, և նրանցից շատերը ունեն հոգեբանական կրթություն, քանի որ հասկացել են, որ ծիսակարգերը հարկավոր է ամրապնդել գիտականորեն, որպեսզի ուժեղացնեն իրենց աշխատանքի արդյունքը:
Կա ևս մեկ կարևոր տարբերություն` որոշում ընդունելը: Գուշակները այցելուի փոխարեն ընդունում են որոշում, և պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա: Իսկ հոգեբանը երբեք այցելուի փոխարեն որոշում չի կայացնում: Մարդու համար ամենադժվար բանը որոշում կայացնելն է, դրա համար էլ մոգերն ու գուշակները ավելի մեծ պահանջարկ ունեն քան հոգեբանները: Գուշակը այցելուին ասում է. «Ես գիտեմ՝ որն է քո խնդիրը, և ես քո փոխարեն ամեն ինչ կանեմ, դու գնա տուն: Ես կանեմ այնպես, որ քեզ համար ամեն ինչ լավ կլինի»: Հոգեբանը ասում է. «Որոշողը դու ես, քո փոխարեն ես ոչինչ չեմ անելու, ինքդ պիտի քեզ վրա աշխատես»: Իսկ մարդը միշտ չէ, որ ուզում է իր վրա աշխատել: Իր համար ավելի հեշտ է պատուհանից թալիսման կախելը:
Կա կարծիք, որ գուշակի մասնագիտությունը վտանգավոր է, և նրա կատարած քայլերը կարող են վատ անրադառնալ հենց իր վրա: Դրա համար էլ կրթված գուշակները այցելուի հետ աշխատում են հոգեբանի նման, որպեսզի իրենց չվնասեն: Հոգեբանը նույնպես պետք է պաշտպանված լինի, որպեսզի այցելուի ցավերն ու հոգսերը իրենը չդարձնի:
Այցելուի համար էլ վտանգը նրանում է, որ եթե գուշակը կամ հոգեբանը բավականին կրթված չեն լինում, ապա նրանց սխալը նմանվում է չպայթված ռումբի: Եթե վիրաբույժի սխալը երևում է հենց այդ պահին, հոգեբանի և գուշակի սխալը կարող է ի հայտ գալ տարիներ հետո:
Թե՛ հոգեբանությունը, թե՛ մագիան գործ ունեն ենթագիտակցականի հետ: Խոսքը ծրագրավորում են, իսկ ծրագիրը կարող է մարդուն հաջողություն բերել կամ ընդհակառակը` կործանում:
Հարկավոր է իմանալ, որ նույն մասնագետը կարող է տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություն ունենալ: Եթե ձեր ընկերուհուն այդ հոգեբանը օգնել է, դա չի նշանակում, որ նա անպայման ձեզ էլ կօգնի: Եթե դիմել եք հոգեբանին, և դա ձեզ չի օգնել, պետք չէ հիասթափվել, գնացեք ուրիշի մոտ, փնտրեք, մինչև գտնեք նրան, լսեք ձեր սրտի ձայնը, միայն նա կհուշի ձեզ ճիշտ ընտրությունը: Եթե ձեզ այդ մասնագետի հետ լավ եք զգում, նա ձեզ վստահություն է ներշնչում, ուրեմն դիմեք նրան, ինչպես փնտրում եք ատամնաբույժ, գինեկոլոգ և այլն:
Կարևորը, որ դուք գտնեք լավ մասնագետ, որը կօգնի ձեզ գտնել երջանկության ճանապարհը:
Հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ ունեն երկու տարբերակ`
1.փնտրում են հրաշքներ և ինչ-որ մոգական դեմք (պայծառատես, գուշակ և այլն), մեղմ ասած՝ կասկածելի մասնագիտություն ունեցող ինչ-որ անձ:
2.անձը, զգալով օգնության կարիք, դիմում է որակավորում ունեցող հոգեբան-մասնագետի, սակայն սրտի խորքում շատերը հույս ունեն, որ հրաշքներով բուժում է լինելու:
Անհրաժեշտ է նշել, որ եթե անձը գիտակցում է, որ ինքը հոգեբանի օգնության կարիք ունի, դա արդեն շատ լավ է. նա արդեն պատրաստ է առողջանալու: Մինչդեռ մոգական հրաշագործ վերականգման վրա հույս դնողները հստակ առանձնանում են՝ իրենց խնդիրները լուծելու ներքին հոգեկան ռեսուրսների սպառված կամ անբավարար լինելով:
Գուշակին դիմողներից շատերի հիմնական ցանկությունն ամեն ինչ` ներքին, արտաքին վիճակները, նախկին տեղը, վերադարձնելն է: Այսպիսով, գուշակին դիմելու տրամաբանությունը հետևյալն է. «Ես տառապում եմ, տանջվում, այս ցավն այնքան անտանելի է, որ միակ ցանկությունս դրանից ազատվելն է, այդ դեպքում ամեն ինչին կհավատամ»:
Հոգեբանությունը չի ժխտում իսկական տելեպատների, կանխատեսողների ընդունակությունները, որոնք ապացուցվում են մի շարք գիտափորձերի միջոցով, ավելին` հոգեբանությունը ունի դրան նվիրված մերձհոգեբանության առանձին բաժին, որը զբաղվում է նման հարցերի գիտական ուսումնասիրություններով: Սակայն այսօր իսկական տելեպատների, կանխատեսողների, պայծառատեսների թիվը շատ քիչ է, և հարկավոր է զգույշ լինել խաբեության չմատնվելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել