Արդեն երկու օր է՝ Ազգային ժողովում բուռն քննարկումների արժանացած «Եկամտային հարկի» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը դարձել է ինչպես ԱԺ մի շարք պատգամավորների քննադատության, այնպես էլ ՀՀ քաղաքացիների ակտիվ և հակասական քննարկումների առարկան:

Նշենք, որ «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, ովքեր գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս Ռուսաստանի Դաշնության տարածքում, որոնք վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին: Իսկ ինչ վերաբերում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությանը, ապա այն գործատուները, ովքեր արտերկրում շինարարական աշխատանքների կատարման ծրագրեր կունենան, և այդ ծրագրերը հավանության կարժանանան կառավարության կողմից, ըստ նոր ընդունված օրենքի` կվճարեն 5 տոկոս շահութահարկ:

Պետք է նկատել, որ առաջացած իրարանցման և խնդիրների պատճառն այստեղ ավելի շատ ոչ թե օրենքներում արվող փոփոխություններն են կամ դրանց թերի լինելը (ինչպես ներկայացվում է), այլ այդ նույն օրենքների ոչ ճիշտ ընկալումն ու մեկնաբանումը. քանի որ խորհրդարանում հարցի քննարկումը լրիվ ընթացավ աղավաղված ուղեգծով` այն բացառապես ներկայացվելով ուրիշ պրիզմայով:
Հարկ է նշել, որ կառավարության կողմից ներկայացրած առաջարկը վերաբերում է միայն այն քաղաքացիներին, ովքեր աշխատելու են հայաստանյան շինարարական ընկերություններում: Այսինքն, իրականում առաջարկվում է ռուսական ընկերություններից գրանցվել Հայաստանում և գործունեություն ծավալել Ռուսաստանում, որի դիմաց վճարել ընդամենը 5 տոկոս շահութահարկ, իսկ աշխատողների դեպքում էլ՝ 13 տոկոս եկամտահարկ:
Նման պայմաններով արտագնա աշխատանքի մեկնողների մոտ, ամենայն հավանականությամբ, որևէ էական փոփոխություն չի լինի: Ընդհակառակը, եթե ռուսական ընկերությունները գրանցվեն Հայաստանում, դրանով իրենց հարկային բեռն ավելի կթեթևանա:

Մանրամասն ուսումնասիրելով ներկայացվող օրենքը` կարելի է փաստել, որ սույն օրենքի ընդունումը ոչ միայն չի ոտնահարում մեր քաղաքացիների իրավունքները, այլև բխում է նրանց իսկ շահերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել