Ես նոր եմ Ֆրանց Կաֆկայի «Պրոցես» գիրքը կարդացել (երևի թե շատերն արդեն մի քանի անգամ կարդացել են էլի), և որոշեցի եղբայրական երկտող գրել Կաֆկային, և կարծում եմ, որ նա անդրշիրիմյան կյանքում կտեղեկանա իմ այս խոսքերի մասին...
Եվ այսպես` եղբայրական նամակ:
Ֆրանց ջան, անմիջապես ուզում եմ ասել, որ «Պրոցեսն» ինձ չէր հետաքրքրի, և չէի կարդա, եթե դու քո ժամանակների փիլիսոփայության դեմքերից չլինեիր և համաշխարհային դասական գրողներից...
Կարդալ սկսեցի հետարքրքրվածությունից, իսկ հետո, որոշակի սկզբունքներից ելնելով, շարունակել: Չէի ուզում կիսատ թողնել գիրքը և ուզում էի հասկանալ, թե վերջը «թույն պահը» և հետաքրքրությունը ո՞րն էր: 
Ասեմ, որ ընդհանուր առմամբ հասկանալի էր «Պրոցեսների» վերաբերյալ քո բողոքը, ոլորտին անդրադառնալը, քննադատելը, վատ երևույթների դեմ պայքարը, որը ես ողջունում եմ, լավ էր: Սակայն ինչ միստիկային էր վերաբերում, ասեմ, որ շատ ես կաղում` ինչպես կասեին մեր կոմունիստական ժամանակաշրջանից մնացած թերթերի լրագրողները: Իսկ մեր քաղաքականների բառապաշարից էլ ավելացնեմ` ղալաթ ես անում: Մնացածն էլ չասեմ` հենց իրենք կասեն, հենց որ աչքներին երևաս... Էնպես որ, միստիկայի պակասը չես զգա հաստատ:
Այսօր մենք՝ հայերս, այնպիսի մի իրականության մեջ ենք ապրում, որտեղ ցանկացած դպրոցական, ով այդ կրթօջախներում շարադրություն գրելու մակարդակին է հասել և մի սերիալ է դիտել հեռուստացույցով կամ «6-րդ զգայարան» հաղորդաշարից մի երկու հաղորդում, քեզանից շատ ավելի լավ միստիկա կգրի, այնպես որ, էլի ինչպես մեր հայերն են ասում` «դագաղի մեջ շուռ կգաս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել