Imyerevan.com-ը գրում է.

Լուսանկարիչներն ու գեղանկարիչները ինչեր ասես, որ չեն արել աշխարհի քաղաքները ինքնատիպ պատկերելու համար: Նարեկ Մելքոնյանը թեպետ պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէ, բայց ինչ իրեն հիշում է, լուսանկարչական ապարատը ձեռքին է: Մի օր էլ որոշեց աշխատանքային ու անձնական ճամփորդությունները ֆիքսել ոչ ստանդարտ լուսանկարներում, ոչ ավելի, ոչ պակաս՝ բաժակի արտացոլանքում:

«Առաջին անգամ մի բաժակ ջրում լուսանկարել եմ կնոջս: Սեղանի շուրջ նստած էինք, երբ աչքս ընկավ բաժակին: Խնդրեցի լավ մաքրել բաժակն ու լուսանկարեցի,- պատմում է Նարեկը,- որոշ ժամանակ անց մեկնելու էին Փարիզ: Ապարատս, ինչպես միշտ, ձեռքիս էր»:
Հենց Փարիզյան խանութներից մեկում նա գտավ այն բաժակը, որն ամենից լավն էր արտացոլում քաղաքային պատկերներն ու ճարտարապետական հայտնի կոթողները: Նույն այդ բաժակում Նարեկն աշխարհի բազմաթիվ քաղաքներ է լուսանկարել: Ինչ էլ լինի, ուր էլ գնա, բաժակն ու լուսանկարչական սարքը պատվավոր տեղ ունեն ճամպրուկում: 

Նարեկի խոսքով՝ այս ամբողջ պատմության մեջ ամենաբարդը բաժակը տեղադրելու համար ճիշտ վայր ընտրելն է: Կարող ես ժամերով պտտվել քաղաքում, մինչեւ գտնես այն նստարանը, բազրիքը կամ պատը, որի վրա դնես բաժակը՝ պատկերելով այս կամ այն հուշարձանն ու քաղաքային տեսարանը:

Imyerevan.com-ը ներկայացնում է արտասովոր լուսանկարչի աշխատանքներից մի քանիսը: Մնացածը կարող եք դիտել նրա ֆեյսբուքյան էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել