Մե քե՜ֆ, մե ուրախությո՜ւն...

Ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, պետբյուջեից Երևանի քաղաքապետարանին հատկացված գումարները կարծես թե «ավելցուկ» են տալիս: Քաղաքապետն էլ, որոշելով իր վրա վերցնել բյուջեն թեթևացնելու «ծանր բեռը», որոշել է «ավելացած» գումարները ծախսել քաղաքապետարանի համար թանկարժեք կոնյակ, կոնյակի բաժակներ ու հուշանվերներ գնելու համար:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը նախորդ տարի «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի հետ կնքած ապրանքների գնման պայմանագրի համաձայն՝ վերջերս շուրջ 29 միլիոն դրամի կոնյակ է ձեռք բերել ընկերությունից: Չնայած պայմանագրում և տեխնիկական բնութագրում նշված չէ մատակարարվող ապրանքի քանակը, սակայն բնութագրից պարզ է դառնում, որ գործարանը քաղաքապետարանին վաճառել է 9 տեսակի կոնյակ:

Բացի 9 տեսակի թանկարժեք կոնյակներից՝ քաղաքային իշխանությունը գնել է նաև ոչ պակաս թանկարժեք տասը բաժակ՝ յուրաքանչյուրը 100 հազար դրամ արժողությամբ, որոնք իրենց մեջ ներառում են նաև արծաթե տակդիրներ:
Իսկ ինչ վերաբերում է հուշանվերներին, ապա հարկ է նշել, որ սկսած 2014 թվականից քաղաքապետարանը մեծ թվով հուշանվերներ է գնել տարբեր ֆիզիկական անձանցից ու անհատ ձեռներեցներից, որոնց մեջ մեծ թիվ են կազմում Երևանի զինանշանի տեսքով հուշանվերներն ու մանրանկարները:
Իհարկե միանգամայն հասկանալի է, որ քաղաքապետարանում ժամանակ առ ժամանակ արարողակարգային միջոցառումներ են կազմակերպվում, որոնց ընթացքում անհրաժեշտ է լինում հավուր պատշաճի ընդունել և հյուրասիրել հյուրերին: Սակայն այն շռայլություններն ու ճոխությունները, որոնք իրեն թույլ է տվել քաղաքապետարանը, ուղղակի ապշեցնող են ու ցնցող:

Ի՞նչ է նշանակում 29 միլիոն դրամ հատկացնել թանկարժեք խմիչքներ գնելուն, երբ ՀՀ-ում ներկայումս ստեղծվել է տնտեսական բավականին բարդ իրավիճակ, ուստի անհրաժեշտ է ոչ թե մսխել պետբյուջեի` առանց այն էլ սակավ միջոցները, այլ քայլեր ձեռնարկել վիճակը փոքրիշատե բարելավվելու և եղած միջոցներն արդյունավետ տնօրինելու ուղղությամբ:
Եթե մայրաքաղաքի քաղաքապետարանի աշխատակիցները մի փոքր ավելի մատչելի կոնյակ խմեն, ամենայն հավանականությամբ, դժվար թե դրանից նրանց աշխատանքի «որակն» ընկնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել