Արդեն հայտնի է, որ ապրիլի 24-ին Գերմանիայի դաշնային հանրապետությունը պաշտոնապես կճանաչի Ցեղասպանությունը: Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեմ չէ 1915-ի ողբերգական իրադարձությունները ցեղասպանություն բնութագրելուն: Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը կդառնա խոշորագույն իրադարձություն ինչպես Եվրոպայի, այնպես էլ ողջ աշխարհի համար: Եվ սա սուբյեկտիվ մոտեցում չէ: Գերմանիան Եվրոպայի խոշորագույն երկրներից մեկն է, ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից մեկը, որը շատ հաճախ հուշում է եվրոպական քաղաքականության առաջնությունները, մեծ դերակատարությամբ մասնակցում համաշխարհային պատմության կերտմանը: Սակայն այս հանգամանքների կողքին հառնում է մի կարևորագույն փաստ ևս, որը Գերմանիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը վերածում է յուրատեսակ սխրանքի: 
Գերմանիան պատասխանատվություն է կրում 1915-ի ողբերգական իրադարձությունների համար, որովհետև այն դաշնակից էր Օսմանյան կայսրությանը և որոշակիորեն աջակցում էր ցեղասպանության իրագործմանը: Բազմաթիվ են պատմական փաստերն ու փաստաթղթերը, որոնք վկայում են Գերմանիայի մեղսակցության մասին: Ուրեմն, ճանաչելով Ցեղասպանությունը, Գերմանիան առերեսվում է իր պատմության հետ, ընդունում իր մեղքը: Այսինքն Հոլոքոստի ճանաչումից հետո Գերմանիան երկրորդ անգամ ապաշխարում է, երկրորդ անգամ մղվում դեպի բարոյականությունը: 
Այս ամենից զատ՝ Գերմանիայի կանխատեսվող քայլն իսկապես խիզախում կարող է համարվել, քանզի երկիրը սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, տնտեսական շահեր: Այսօր Գերմանիայում, ըստ պաշտոնական տվյալների, ապրում է հինգ միլիոնից ավելի թուրք: Սա պաշտոնական տվյալներով: Իսկ ոչ պաշտոնական տվյալներով այս թիվը հասնում է ութ միլիոնի: Գերմանիայում մեծ թիվ են կազմում թուրքական համայնաքային կազմակերպությունները, մեծ թվով թուրքեր ընդգրկված են պետական և համայնքային կառավարման մարմիններում, Բունդեստագում կան թուրք պատգամավորներ, բազմաթիվ բուհերում ստեղծված են թրքագիտության ամբիոններ, թուրքերն աստիճանաբար գերակա դիրք են գրավում նաև գերմանական բիզնեսում: Եվ նրանց մի փոքր մասն է միայն դեմ թուրքական իշխանություններին: Ուրեմն, չեն բացառվում զանգվածային ցույցերն ու բողոքի դրսևորումները, թուրքական իշխանությունների հետ առճակատումները: Սակայն, արհամարհելով այս ամենը, Գերմանիան կամենում է ճանաչել Ցեղասպանությունը: Բնականաբար, ցանկացած քայլի մեջ կան սեփական շահեր և շահագրգռություններ, կան վտանգները կանխելու ջանքեր: Գերմանիան, ինչպես Ֆրանսիան, շատ լավ են գիտակցում, որ Թուրքիան ձգտում է ընդլայնել իր ներկայությունը ԵԽ-ում, հանուն ինչի մեծ ծախսեր է անում, Թուրքիան այսօր նաև մեծագույն ջանքեր է գործադրում ԵՄ անդամ դառնալու համար: Եվ, դառնալով ԵՄ անդամ, Թուրքիան կարող է ունենալ գերակայող դիրք, իր կամքը թելադրել եվրոպական շատ պետությունների: Գերմանիան Ցեղասպանության ճանաչմամբ փորձում է կասեցնել Թուրքիայի շատ քայլեր, որոշակի արգելքներ դնել նրա ճանապարհին՝ շատ լավ գիտակցելով, որ ճանաչումը խաղաղ ընթացք չի ունենալու:
Մեզ համար տվյալ դեպքում կարևորը Գերմանիայի կանխատեսվող քայլն է:
Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել