Թուրքը տեսնում է և կատաղում ու տխրում: Թույլ տվեք մի փոքր շեղվել համընդհանուր էյֆորիայից: Թուրքական երկու պետությունները չհաջողեցին, չկարողացան դիվերսիոն ներթափանցման փորձերի շնորհիվ խուճապի մեջ գցել մեզ, շեղել Ցեղասպանության ճանաչման համար կատարվելիք քայլերից: Ասեմ ավելին. տարիներ շարունակ իրենց ծախսած միլիարդավոր դոլարները ջուրն ընկան, հակահայ քարոզչությունը երեք օրում քանդվեց ընդամենը Քիմ Քարդաշյանի Հայաստան այցով, դա էլ քիչ էր, Հռոմի Պապի կողմից, ի լուր աշխարհի, ճանաչվեց Հայոց ցեղասպանության փաստը: Տարին սկսեցինք ցավալի կորուստներով, իսկ այս մի քանի օրում ունեցանք, մեղմ ասած, լուրջ հաջողություններ: Թուրքերը հաստատ գազազած են և իրենց ուտում են չարությունից. աշխարհն այս օրերին սևեռված է Հայաստանի և Հայոց ցեղասպանության վրա, և դա կապված է երկու հակասական պատճառներով` Քիմը և Հռոմի պապը: Չմոռանանք նշել, որ Քիմի այցից Հայաստանի մասին դրական կարծիք ստեղծվեց ոչ միայն նրա մի քանի տասնյակ միլիոն երկրպագուների մոտ, այլև համաշխարհային լուրջ լրատվականների լսարանի, որ սկսեցին հետաքրքրվել մեզանով: Հռոմի Պապի կողմից մատուցված պատարագը, Հայոց ցեղասպանության՝ ի տես աշխարհի ճանաչելը միայն պաշտոնական Վատիկանի կողմից արված քայլ պետք է դիտարկել, այլ ողջ կաթոլիկ աշխարհի, իսկ Անկարան իր հիստերիայով ցույց է տալիս, որ հարվածը ցավոտ է: Ասելիքս այն է, որ այս ամենից հուսահատ և գազազած թշնամուց պետք է սպասել նոր սադրանքներ, ապակայունացման փորձեր:

Հ.Գ. Մեր բանակը զգոն է և գիտակից այս ամենին, դրա համար էլ մենք հանգիստ Կարապի լճի մոտ համերգ էինք վայելում, մնում է բանակի թիկունքն ամուր պահենք և հոգեբանորեն պատրաստ լինենք զարգացնել մեր հաղթանակները բոլոր ճակատներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել