Գլոբալ և տարածաշրջանային կառավարման առավել արդյունավետ մեթոդներից մեկը պատերազմն է: Պատերազմների հրահրումը կամ էլ տևական պատերազմական գործողությունների ընդհատումն ու խաղաղության հաստատումը միլիոնավոր մարդկանց կյանքում ճակատագրական բեկում առաջացնելու արդյունավետ գործիք են հանդիսանում: Պատերազմները մարդկության ուղեկիցն են եղել անհիշելի ժամանակներից ու, թեև քաղաքակրթության զարգացման պատմական տարբեր փուլերում որոշակի նոր հատկանիշներ են ձեռք բերել, դրանց ուղղվածությունը մեկն է եղել՝ զինված հակամարտության մեջ ներգրավված յուրաքանչյուր կողմ, իր տրամադրության տակ եղած մարդկային ու նյութական ռեսուրսների գործադրմամբ, ձգտել է պարտության մատնել հակառակորդին: Պատերազմից խուսափելու համար որոշ պետություններ ավանդաբար ձգտել են հավանական հակառակորդներին ի ցույց դնել սեփական զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակն ու սպառազինությունների տեխնիկական կատարելությունը՝ իրենց նկատմամբ պատերազմում հաղթանակ տանելն անիրագործելի կամ խիստ բարձր գին պահանջող նպատակ ներկայացնելու համար: Կարելի է ասել, որ սա է եղել հավանական ագրեսիայի զսպման քաղաքականության էությունը: Հայկական, ադրբեջանական, ուկրաինական կամ ռուսական հեռուստաալիքներն այսօր, սեփական զինված ուժերի կարողունակությունը ներկայացնելիս, ուղղորդված աշխատանք են տանում զսպման այս քաղաքականության տրամաբանության շրջանակներում: Այդուհանդերձ, թերևս, հարկ է հաշվի առնել, որ ժամանակակից աշխարհում ախոյան պետությունների անմիջական ռազմական բախումը կարծես թե աստիճանաբար դառնում է հակառակորդին պարտության մատնելու հնացած, ծախսատար և անարդյունավետ ձև: Ներկայումս առավել արդիական պատերազմական մարտավարությունը ենթադրում է հակառակորդին հաղթելու նոր մեթոդաբանության կիրառում, որի գործադրմամբ վերջինս ինքն է նախաձեռնում սեփական ինքնաոչնչացումն ապահովող գործողությունները: Նշված մեթոդաբանության հաջող կիրառման դեպքում գերժամանակակից հրթիռները, տանկերն ու սուզանավերն ընդամենը մետաղի ջարդոնի արժեք կունենան. այս համատեքստում պատերազմական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու օգտակարության վերաբերյալ աքսեոմատիկ թեզը միանգամայն նոր իմաստ ու բովանդակություն է ձեռք բերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել