Վերջերս շատ է խոսվում Հայաստանում իրանցիների հանդեպ վատ տրամադրված լինելու մասին, հակադարձում են, թե Իրանում հայի և հայկականի հանդեպ կա հանրային և պետական դրական վերաբերմունք ու աջակցություն: Ես չտեսա, որ մեկը լուրջ մոտենա այս հարցին և փորձի գտնել դրա արմատները, անգամ հոգեբանների կողմից: Ես հոգեբան չեմ, բայց թույլ տվեք՝ փորձեմ վերլուծել և հասկանալ պատճառը: Շատերն իրանցիների հանդեպ վատ տրամադրված լինելը բացատրում են նրանց չտես լինելու և հայ աղջիկների հանդեպ իրենց սանձարձակ պահելու մեջ, բայց, ըստ իս, դա ընդամենը առիթ է. մեծամասամբ իրենց պահվածքով թույլ տվողներին են կպչում, չնայած որ առանձին դեպքեր էլ են լինում, որ իրանցիներն իրոք սանձարձակ են իրենց պահում. գյուղ չկա՝ շուն չլինի: Ըստ իս՝ պատճառը ոչ թե նրանց պարսիկ լինելու մեջ է, այլ այլազգի և շատ լինելու: Մեր պատմության էջերից եկող գենետիկ հիշողության և ենթագիտակցական վախի մեջ է խնդիրը. եթե ուշադիր լինենք, մեզանից շատերը, երբ մեծաթիվ այլազգիների են տեսնում, ինչ-որ չվստահող ու բացասական բան են զգում, անգամ, եթե չենք արտահայտվում: Պատճառն այն է, որ միակ ազգը, որ հոծ զանգվածներով եկել է Հայաստան ու հետագայում չի փորձել երկիրը նվաճել, եզդիներն են, որոնք չեն ձուլվել, բայց հայկական միջավայրի մեջ մերվել են ու դարձել յուրային: Բերեմ օրինակ՝ հենց ինձ հետ կապված: Տարիներ առաջ, իմ քաղաքի էլեկտրական ցանցը վերազինելու համար, եկել էին մոտավորապես հարյուր չինացի մասնագետ, որոնք հենց մեր քաղաքում էլ տներ էին վարձել: Չինացիներն իրենց պահում էին շատ նորմալ, պարկեշտ և օրինապահ, զբոսնում էին աշխատանքից հետո քաղաքում, խանութներ այցելում և այլն: Մի անգամ փողոցում հանդիպեցի նրանց խմբին և ինձ բռնացրեցի իմ՝ բարձրաձայն արտահայտած մտքի վրա. այնպես են քայլում, ոնց որ իրենց երկրում են, կարող ա՞ ազգով գաք, լցվեք մեր երկիրը, գրավեք: Ահա պետք է մտածել, թե ինչպես կարելի է մեր միջից հանել դարերով ձևավորված այս բարդույթը, թե չէ մեր տաքսիստները սփյուռքահայ հաճախորդին էլ են կթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել