Խանդ։ Զգացողություն, որը հատուկ է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։ Ճիշտ է` այն կարող է ընտանիքներ և հարաբերություններ  կործանել, բայց առանց խանդի, միգուցե, հնարավոր չէ սիրել։ Շատ աղջիկներ խանդը դիտում են իբրև տղամարդկային վարքագծի միանգամայն նորմալ դրսևորում։ Ավելին, շատերն անգամ չեն պատկերացնում տղամարդու սերն առանց խանդի։ Կան դեպքեր, երբ մարդը խանդում է, սակայն կարողանում է իրեն տիրապետել, սանձել իր զգացմունքները, մնալ «չափի մեջ»։ Բայց առավել հաճախ հանդիպում են դեպքեր, երբ խանդը ձեռք է բերում հիվանդագին բնույթ։ Հաճախ լսում ես այնպիսի պատմություններ, որոնք ուղղակի սարսափ են առաջացնում։

Այսօր BlogNews.am-ը ձեզ է ներկայացնում ֆեյսբուքահայության շրջանում անցկացրած փոքրիկ հարցումը։ Եվ այսպես, ինչպես են ֆեյսբուքցիները վերաբերվում այս երևույթին.

Անկախ Հայաստան- Էշություն է էդ միտքը, չկա տենց ճիշտ, դա սուտ է, սխալ է, ուղղակի ներվայնանում եմ։ Սիրում է, ուրեմն սիրում է, խանդում է, ուրեմն խանդում է։ Վերջ։ Էն մնացածը սուտի բաներ են, որ աղջիկներն ասում են, որպեսզի իրենք  իրենց հանգստացնեն։ Չկան տենց բաներ։

Զառա, 34 տԿարծում եմ, որ դա հիմք չի սիրելու համար... Ընդհանրապես խանդը վատ բան ա... Իսկ սիրելու պահով կասեմ` վստահում է, ուրեմն սիրում է։

Գայանե, 23 տ. - Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Խանդը նմանեցնում եմ ճաշի աղին. առանց իրա անհամ ա, շատի դեպքում էլ ուտելու բան չի... Առանց էդ մի պուճուր ու համով խանդի չեմ պատկերացնում հարաբերությունը։ 

Արամ, 24 տ.- Բացասական. խանդում է, ուրեմն չի վստահում։ Մնացած դրսևորումները զուտ մտահոգություններ են։ Եթե բանը հասել ա խանդին, ուրեմն մի բան նենց չի գնացել, մի բան մութ ա մնացել։ Եսիմ, ծավալուն ու հարաբերական թեմա ա, միանշանակ ասել դժվար ա։

Հայկ 31 տ. - Խանդը հոգեկան շեղում եմ համարում, ու որ մարդը կայացած չի, իրա վրա վստահ չի, դրա համար էլ խանդում է։ Դա աբսուրդ է։ Իրան հարգող տղան կամ աղջիկը չի խանդում, այլ վստահում է։ 

Կոնստանտին, 27 տ. - Մտքին՝ նորմալ։ Մտքի պրակտիկ կիրառման որոշ ձևերի՝ բացասական։ Խանդը՝ որպես զգացմունք, նորմալ է ու բնականոն։ Աննորմալ են դրա հիվանդագին դրսևորումները, հատկապես տղաների պարագայում։ Եթե տղամարդը, խանդ զգալով, հիստերիկ տեսարաններ է անում, արգելքներ է սահմանում ու ինչ- որ սահմանափակումներ փորձում թելադրել իր կողքինին, նշանակում է, որ հենց ինքը խնդիրներ ունի, որովհետև վստահ չէ իր իսկ վրա։ Էլ չասեմ, որ արգելելով ու ստիպելով՝ մարդուն կողքդ չես պահի։ 

Շողեր, 18 տ. - Իմ կարծիքով՝ այս հարցը երկու կողմից կարելի է նայել՚... Առաջին, որ իրոք սիրում է, ու որտեղ սերը, բնականաբար այնտեղ էլ խանդը։ Եվ հաջորդ կողմն էլ զուտ երբ սեփականության բնազդն է արթնանում։ Մի կողմից այն դիտվում է որպես փոխկապակցված զգացմունք սիրուն և մյուս կողմից՝ որպես անհասկանալի և ոչ ադեկվատ պահվածք։ 

Կարեն, 24 տ. - Խանդում է, ուրեմն սիրո կարիք ունի։ Առհասարակ շատ առողջ երևույթ եմ համարում խանդը։ Բայց պետք է էլեգանտ խանդել։ Ոչ թե հիստերիկի պես գլխից կպնել, այլ խանդել որպես կոմպլիմենտ։ Այսինքն դու ոչ թե իմ համար խալաթով և ավելով կին ես, այլ դու այնքան հմայիչ ես, որ վախենում եմ, որ քեզանով ուրիշներն էլ կհետաքրքրվեն։ 

Նարեկ, 20 տ.- Եթե խանդում է, նշանակում է՝ սիրում է )))))))))) Առանց խանդի սեր լինել չի կարող։ Եթե սերն իրական է, ապա խանդը պետք է բացառվի,,,, 

Լենա, 22 տ -Ասում են՝ սերն ու խանդն անբաժան են իրարից, բայց ես էդպես չեմ կարծում, եթե սիրում ես, ուրեմն վստահում ես, հավատում ես, «դու»-ն դառնում է «ես», իսկ «ես»-ը՝ «դու»…… Իսկ ես ինքս ինձ դժվար թե խանդեմ ։ճճ 


Նաիրա, 29 տ. - Խանդն ինձ համար դարձել է իմ կյանքի ուղեկիցը, քանի որ այն, ինչ ես սկսում եմ սիրել և համարել իմը, այլևս երբեք ու ոչ մի պայմանով չի կարող լինել ուրիշինը... Ու ամենևին կապ չունի՝ իր է դա, թե մարդ... Կարևորը, որ ես սիրեմ... Ու երևի եթե իմ կողքին գտնվող մարդն իմ նկատմամբ սիրուց բացի խանդ չզգա, ես պարզապես կմտածեմ, որ միևնույնն եմ նրա համար։

Իզաբելլա- Խանդը սիրո հետ կապ չունի Դա մարդու բնավորությունն է, ու խանդոտները խանդում են նաև իրենց կնոջը, նույնիսկ եթե չեն սիրում։

Գարիկ, 38 տ. - Չեմ ընդունում այդ ձևակերպումը, ընդհանրապես սերը խանդի հետ չեմ կապում` ոչ ուղղակի, ոչ հիվանդագին դրսևորումներով։ 

Անահիտ, 52 տ.Ես գտնում եմ, որ կա էդպիսի բան, որ կարող է խանդի նաև, եթե սիրում է։ Բայց էս խանդը, իմ կարծիքով, անվստահության ու բարդույթների արդյունք է։ Խանդը բարդացնում է դիմացինի կյանքը, շատ ավելորդ սահմանափակումներ դնում։ Խանդի արդյունքում սերը նահանջում է, որովհետև խանդեցիր` տանջելու ես դիմացինիդ անիմաստ սկանդալներով ու կասկածներով; Ինքնանպատակ հիմար երևույթ է էս խանդ ասվածը։ 

Տաթևիկ-  Գոյություն չունի նման բան, դա կատարյալ հիմարություն է։ Եթե խանդում է, ուրեմն չի վստահում և հավատում, իսկ եթե չի վստահում և հավատում, ի՞նչ գործ ունի քո կողքին։

Հարություն, 33 տ. - Դե, ըստ իս, խանդում են թերարժեքության բարդույթով տառապող ու ամեն կերպ դա շրջապատից թաքցնող մարդիկ,. Ամեն վայրկյան վախենում են, որ իրենց կողքինը կարող է գտնել իրենից լավին։ Եվ այդպես սկսում է փչացնել թե իր, թե կողքինի կյանքը։ 

Անի Խամոյան, 22 տ.- Այս հարցի վերաբերյալ ես ունեմ հստակ ձևավորված կարծիք՝ «Խանդում է, ուրեմն չգիտի սիրել»։ ՎԵՐՋԱԿԵՏ! Խանդը միայն վստահության պակասից կարող է առաջանալ, դա կլինի սեփական անձի կամ կողակցի նկատմամբ, էական չէ... Միևնույն է՝ արդյունքում ձևավորվում է կորցնելու վախի զգացողություն... Ու լինում է այն, ինչ լինում է)) Միայն այն մտքից, որ քեզ բաց չեն թողնում ու փորձում են ամեն վայրկյան պահել, դա արդեն անտանելի է դարձնում հարաբերությունը.... Լինում է թեթև խանդ, որը կարողանում էս զսպել և չարտահայտել (հարգում եմ այդպիսի ունակությամբ օժտված մարդկանց), բայց սարսափելի է, երբ խանդը հիվանդագին բնույթ է կրում։ Մարդիկ միշտ ենթագիտակցորեն ձգտում են այնտեղ, որտեղ իրենք ազատ են, ունեն ընտրության իրավունք ու իրենց այդ իրավունքը հարգում են։ Իսկ երբ քեզ խանդում են, նշանակում է՝ չեն հարգում քո ազատ ընտրելու և կողմնորոշվելու իրավունքը։ Ինձ համար խանդն էգոիզմի ամենավառ դրսևորումն է։ Երբ խանդում ես, նշանակում է՝ կողակցիդ ընկալում ես որպես սեփականություն, որին կարող ես կառավարել և ճնշել։ Ինչ-որ ապրանքային հարաբերություն է ստացվում))) «էստեղ մի գնա, էս մարդկանց հետ մի շփվի, էս-ինչ կամ էն-ինչ բանը մի արա.....» Ցանկացած խելքը գլխին մարդ, ով գնահատում ու արժևորում է սեփական անձը, անպայման, վաղ թե ուշ հրաժարվելու է նման հարաբերությունից ու նման վերաբերմունք ցույց տվող մարդուց։ Երկար կարող եմ խոսել այս թեմայով, բայց ճիշտ կլինի եզրափակեմ միտքս։ )) Մի խոսքով.. առակս ի՞նչ կցուցանե)) Կա խանդ, չկա սեր, կա սեր, չկա խանդ։ 

Քրիստինա, 20 տ.-Չեմ ընդունում սա միանշանակ, քանի որ հիվանդագին խանդն ամենևին էլ սիրո դրսևորում չի. Իսկ չափավոր խանդը նույնիսկ հաճելի է. Չպետք է լինի հիվանդագին սեր, բայց չպետք է լինի նաև անտարբերություն։ 

Լիլիթ, 24 տ.- Սարսափելի բան եմ համարում։ Ուղղակի երբեմն մարդկանց մոտ հիվանդության է վերածվում և կործանում է թե հարաբերությունները, թե մարդկանց։

Տիգրան, 19 տ. - Եթե սիրում են, ուրեմն խանդում են։ ՍՈՒՏ!!!! Եթե սիրում են, ուրեմն պետք է վստահեն իրար, իսկ եթե վստահում են, ուրեմն խանդելն անիմաստ է։

Թեհմինե - «Խանդում է, ուրեմն սիրում է» միտքը չեմ բացառում, բայց հիմնականում խանդելու համար պարտադիր չի սիրել, մեկ-մեկ խանդում են մարդիկ, որ սիրելուց կիլոմետրերով հեռու են, որովհետև զգում են, որ կորցնում են մի բան, որ ենթագիտակցորեն իրենցը պիտի լիներ. չնայած հեչ էլ պետքներին չէր... Սիրելն ավելի շատ տալ ա, քան վերցնել, խանդը պահանջատիրության ա նման։ 


Նանե - Եթե սիրում է, ուրեմն կխանդի, բայց ոչ միշտ է խանդը սիրո նշան։ 

Արարատ, 25 տ. - Խանդը իրականում սիրո հետ էդքան էլ կապ չունի... Եթե սիրում է ու իրականում սիրում է ուրեմն վստահում է, որ սիրում է... Եթե խանդ կա, ուրեմն չկա վստահություն, եթե չկա վստահություն... սեր լինել չի կարող...

Անուշ, 29 տ. - Ինձ համար հիմնավոր չէ այս միտքը, «Խանդում է, ուրեմն սիրում է», քանի որ սերը բարձրագույն զգացմունք է և չի կարելի նրան կցել որևէ բացասական զգացում։ 

Ալեն, 19 տ. - Հակասական զգացողություններ ունեմ այդ մտքի հետ կապված։ Մի կողմից կարծում եմ, որ ճշմարտության տարրեր կան այդ արտահայտության մեջ, քանի որ այսպես թե այնպես սիրող մարդն իսկապես խանդում է։ Մյուս կողմից՝ ինքս չեմ սիրում ու ընդունում ծայրահեղություններ, ուստի ավելորդ խանդն, ըստ իս, ծնում է ագրեսիա ու հիասթափություն։ Զուտ պետք է բոլոր հնարավոր ու անհնարին ձևերով ու միջոցներով զերծ մնալ այդ երևույթից և ստեղծել վստահության մթնոլորտ զուգընկեր (ուհու) մոտ, ինչը շատ կարևոր է։ Միայն առանց ավելորդությունների, ծայրահեղությունների ու բացասական տարրերի է հնարավոր հասնել ներդաշնակության, սիրո ու հարգանքի։ Կարծում եմ՝ դժվար չէ փոխհամաձայնության ու փոխվստահության միջոցով հասնել ցանկալի արդյունքի և վանել մեզնից ավելորդ խանդը։ 

Դավիթ - Լինում են դեպքեր, երբ տղա ու աղջիկ շփվում են, որը հիմք է հանդիսանում զուտ կապվածության, ըստ այդմ՝ կարող են երկու կողմն էլ խանդել, բայց սեր չլինի։  

Խլուրդ - Կարծում եմ՝ անպայման չէ, որ ամեն խանդող համ էլ սիրի։ Ճ 


Յաշա - Ես այլ կերպ կձևակերպեմ ֆրազը՝ «խանդում է, ուրեմ չի վստահում»։ Ինձ համար, համենայն դեպս, սերը հենց փոխադարձ վստահությունն է, հարգանքը, հետևաբար նման դեպքում ավելորդ է խոսել խանդի մասին։ Ես չեմ խոսում առանձին դեպքերի մասին։ Կարծում եմ՝ չկա մեկը, ով երբեք չի խանդել իր կողակցին։ Այստեղ, սակայն, կյանքում պատահած եզակի դեպքերի մասին է խոսքը, այլ ոչ հիվանդագին խանդի՝ տանից դուրս չգաս, պատուհանից չնայես, փողոցում ոտքերիդ ծայրերին կնայես... 


 

Սիրեք և եղեք սիրված ու մի մոռացեք, որ խանդը քանդում է  այն, ինչ սերը երկար տարիներ էր կառուցել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել