Արևելյան Հայաստանի արևելյան անկյունը քաշված, մեծապետական մաքսիմալիզմով տառապող, դատարկահպարտ, փառամոլ հայերի համույթ ենք այլևս, անուններս էլ դրել ենք Հայաստանի Հանրապետություն, ընտրությունների դրամը վերցրել ենք, Տանդեմին էլ նախագահ ենք կարգել ու հիմա լավ տղերքի ու հարց լուծողների բարեկամություն-ծանոթությամբ հպարտանալով՝ իբրև թե Երկիր ենք կառուցում։
Մինչդեռ շինականն ու բանվորը, մտավորականն ու արհեստավորը մեզ հետ հույսեր էին կապում, մեզ նմանների հետ։ Իսկ մենք, որ մեզ համարում ենք խելացի ու ինքնուրույն, վեր ենք լուծում, հասկանում, բացատրում ամեն բան, որ մեր ժողովրդի մտավորական կոչվողներն ենք, վաճառվում ենք, նախագահի պոչից կպած, սպասում ենք հերթական պաշտոնին։
Հայաստանի քաղաքական թատերաբեմում թարմության կարիք կա, չվաճառված, չվաճառվողների կարիք կա, մտածող ու պատասխանատու մարդկանց, ովքեր Երկիրն իրենց սիրում են, ինչպես իրենց որդուն, այլ ոչ թե որպես իրենց ծնողի։
Ընդհանրապես՝ համեստ, հասարակ, բայց ուժեղ ինտելեկտով, բայց ազնվականությամբ օժտված, ավելորդ չճվվացող, անհոխորտանք մարդկանց կարիք կա։ Մի տեսակ փուչիկների հետ գործ ունենք, որոնք բազմազան են, բազմագույն, բայց փուչիկ են։ Սրանց իրական բնույթը երևում է, երբ փչելու տեղի կապը քանդվում է։ Այդպիսի մի օրինակ էր նախագահ-Ծառուկյան կոնֆլիկտը, որն ի հայտ բերեց սրանց բրոունյան շարժումը։
Այս ի՞նչ սերունդ ենք դաստիարակել։ Մեք մեր ձեռքում ինքներս մեզանից կրակն ենք ընկել։ Նախարար ու երեսփոխան՝ մեկը մեկից ցինիկ են, անաստիճան ու գռեհիկ։ Սա նման է անկումի, ազատ անկումի։ 
Սրա առաջն առնելու համար, որպես հակակշիռ, սփյուռքը միավորել է պետք, միավորել ու հակազդել սրանց ամենուր։ Հայաստան ծովն այնքան է ծանծաղել, որ ծովային նավերը ցանկության դեպքում էլ չեն անցնի։ 
Մենք պիտի մասշտաբը փոխենք։ Համայն հայությունը պիտի լծվի Հայաստանի, Արցախի ու աշխարհի խնդիրներին։ Հերիք է ոզնիանանք, ասեղներով փակվենք աշխարհից։ Երկու հազար տարուց ավել է՝ Տիգրան Մեծով ենք հպարտանում՝ իրականում ռեզերվացիայի վերածվելով։ Մի քաղաք-պետության կարգավիճակ է՝ կտան, կասեն՝ ապրեք, եթե աշխարհում մեր գործոնը չձևավորենք։

Դավիթ Վանյան 23.03.2015թ․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել