Imyerevan.com-ը գրում է.

Կանանց միամսյակի կապակցությամբ Imyerevan.com կայքը ներկայացնում է նոր նախագիծ՝ «Կինն ու գինին»: Դրա շրջանակներում տարբեր ոլորտների հաջողակ կանայք խոսում են սիրո, խանդի, գեղեցկության, տղամարդկանց և գինու մասին: Այս անգամ նախագծի հյուրն է գեղեցկուհի Գոհար Հարությունյանը:

Կատակով ասում են՝ ինչպիսի տեսք ունես, այնպիսի ընդունելության էլ արժանանում ես։ Արտաքինը նպաստո՞ւմ է հաջող կարիերա անել:
- Անշուշտ, բայց համոզված եմ, որ օգնում է ոչ միայն բնատուր գեղեցկությունը, այլև քո վերաբերմունքը սեփական արտաքինի հանդեպ: Կարևոր է այն, թե ինչպես ես ինքդ քեզ ընկալում:

Իսկ ե՞րբ է խանգարում:
- Տարածված կարծրատիպ կա, որ գեղեցիկ կինը հիմար է: Այդ կանխակալ մոտեցումը հաճախ խանգարում է: Երբեմն տղամարդիկ սխալ են ընկալում գեղեցիկ կանանց. նրանց թվում է, որ գեղեցիկ կինն ավելի հասանելի է, ավելի թեթևամիտ: Բայց այդ ամենը, իհարկե, կարծրատիպեր են: Ուժեղ, գեղեցիկ կնոջը ոչինչ չի կարող խանգարել:

Նշանավոր գեղեցկուհի Սինդի Քրոուֆորդն ասում էր. «Անգամ ԵՍ առավոտյան Սինդի Քրոուֆորդի տեսք չունեմ»: Իսկ Ձե՞ր դեպքում ինչպես է:
- Իհարկե, ցանկացած կին ավելի ինքնավստահ է, երբ խնամված է և հարդարված: Ամեն անգամ ամուսնուս նկատողություն եմ անում, երբ ինձ տեսնում է առանց հարդարանքի ու ասում՝ ինչքան գեղեցիկ ես: Ասում եմ՝ ինչո՞ւ ես շռայլում նման հաճոյախոսություններ, հաստատ կատակ ես անում: Սակայն իրականում գեղեցիկ է այն կինը, որը սիրված է:

Ի՞նչ է նշանակում «սիրված»:
- Հոգեվիճակ, երբ ապրում ես ու սիրում ոչ միայն քեզ, այլ նաև մեկ ուրիշի: Այդ մեկ ուրիշը կարող է լինել կին, տղամարդ, երեխա, ընկեր: Մարդկությունը կկործանվեր առանց դրա: Սերն ինձ համար նաև հարգանք է: Հաճախ ասում են՝ թող ինձ չհարգի, բայց սիրի: Ինձ համար սերն ու հարգանքը փոխկապակցված են:

Իսկ ի՞նչ տեղ է այդ հարաբերություններում զբաղեցնում խանդը:
- Առհասարակ խանդոտ մարդ չեմ: Գուցե մեր ընտանիքում նման առիթ չի եղել. ոչ ես եմ խանդել, ոչ ամուսինս է ինձ խանդել։ Մենք շատ ժամանակ է, ինչ միասին ենք և ամեն ինչ գիտենք միմյանց մասին: Գուցե եթե առիթ լիներ, ես խանդեի, քանի որ սիրող մարդը չի կարող չխանդել:

Դուք երեք հրաշալի երեխա ունեք: Հաճախ կանայք խուսափում են շատ երեխաներ ունենալ տարբեր պատճառներով: Որտեղի՞ց նման քաջություն:
- Երեխաները էմոցիաներ են տալիս և՛ բացասական, և՛ դրական: Երջանկության այդ հույզերի ու պոռթկումների աղբյուրը միայն նրանք են: Դա անշոշափելի զգացում է: Եվ որքան շատ երեխաներ ես ունենում, այնքան շատ են լինում նաև այդ էմոցիաները: Ես ոչ թե ընտրել եմ միապաղաղ, մի գծով ընթացող կյանք, այլ վայրիվերումներով լի, դրական և բացասական զգացողություններով լի կյանքը:

Բժիշկները հավատացնում են, որ եթե ուզում ես առողջ և երջանիկ լինել, սննդակարգում պետք է ընդգրկես օրական մի բաժակ գինի:
- Միշտ խմել եմ կարմիր գինի: Մեր տանը միայն գինի ենք խմում, թուլացնում ու հանգստացնում է նյարդերը: Կարմիր գինի շատ եմ սիրում, բայց ըստ ճաշացանկի՝ կարող եմ նաև սպիտակ գինի խմել:

Կինն ու գինին՝ մի՞ֆ, թե՞ իրականություն:
- Ասում են, որ կինն ու գինին նման են: Տարիքի հետ են ձեռք բերում իրենց իսկական համային հատկանիշները:

Ի՞նչ կմաղթեիք միամսյակի առթիվ հայ կանանց:
- Առաջին հերթին իրենք իրենց սիրեն, հատկապես մեր հայ կանայք, որոնք չափից շատ են նվիրվում: Ցանկանում եմ՝ կանայք հավատան, որ իրենք կարող են ամեն ինչի հասնել: Նրանք պետք է պահանջեն ու հասնեն նրան, որ լինեն սիրված ու գնահատված: Ընտանիքում ամեն ինչ կնոջից է սկսում և ավարտվում նույնպես նրանով: Կնոջից են կախված և՛ երեխաների, և՛ ամուսնու տրամադրությունը, և՛ ընտանեկան մթնոլորտը, և՛ ուրիշ շատ բաներ: Կինն այս երկրագնդի շատ կարևոր մասն է կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել