Այսօր (19.03.2015) «Հ1»-ով Կարեն Գիլոյանի հաղորդմանը հավաքված մարզական ղեկավարները եռանդուն հիմնավորում էին Եվրոպական առաջին խաղերին Հայաստանի մասնակցության անհրաժեշտությունը: Թեպետ կոչ արվեց, որ ամեն ոք զբաղվի իր գործով, լրագրողներին էլ քանիցս հորդորեցին-սաստեցին սխալ բաներ չասել-չգրել (մասնակցելուն դեմ), բայց համարձակվեմ կասկածներս հայտնել:
Նախ՝ սպորտը վաղուց դարձել է քաղաքականություն, այնպես որ, սպորտի հարգելի՛ նախարար, օլիմպիական կոմիտեի հարգելի՛ քարտուղար և այլք երևելիք ու հարգամեծարք, դուք չէ, որ վճիռ եք կայացրել մեկնելու Բաքու, այլ երկրիս գերագույն քաղաքական իշխանությունը՝ հայտնի է թե ով:
Երկրորդ, Ադրբեջանը միակ պետությունն էր, որը հայտ ներկայացրեց այդ խաղերը կազմակերպելու՝ հասկանալի ինչու: Հսկայական գումարներ են ծախսվում, ինչի դեմ բողոքում են անգամ շարքային ադրբեջանցիները: Բայց Ալիևի նպատակն է այսկերպ բարձրացնել իր պետության հեղինակությունը, ինչպես որ անում է աշխարհի շատ պետություններում մշակութային ծրագրեր հովանավորելով, պատգամավորների կաշառելով և այլն: 
Երրորդ, Հիտլերը նույն նպատակին ենթարկեց 1936 թ. օլիմպիական խաղերը. ոչ մի նոր բան չկա: Կրկնում եմ՝ սպորտը վաղուց արդեն միջոց է քաղաքական նպատակների համար: Եվ նա ով հակառակն է պնդում, կա՛մ ծայրահեղ միամիտ է, կա՛մ օգտապաշտ ամբոխաբար:
Չորրորդ, մեր մարզական ղեկավարները հպարտորեն ասում են՝ գնանք Բաքու, ցույց տանք, որ չենք վախենում (թեպետ միանգամայն իրավացիորեն զգուշանում են, խոսում սննդի վերահսկման, սեփական ջուր տանելու, թիկնազորի անհրաժեշտության մասին, հիշում են նախորդ այցելության դառը փորձը): Գնանք՝ հաղթենք, մեր դրոշը բարձրացնենք Բաքվում:
Որքան մենք հաղթենք, այնքան հաղթանակում է, հաղթահանդես է տոնելու Բաքուն. տեսեք-տեսեք ինչ երկիր ենք, թշնամիներն անգամ մեզ մոտ անարգել, արդար պայքարում մեդալներ են նվաճում: 
Հինգերորդ, Բաքու գնալիս նայելո՞ւ եք օրումեջ սահմանին ադրբեջանցու գնդակից զոհվող երիտասարդների ծնողների աչքերի մեջ: Մինչև հունիս, խաղերի անցկացումը դեռ քանի՞սը կզոհվեն: 
Վեցերորդ, ես գիտեմ, որ մարզական գործիչներից շատերը կտրականապես դեմ են Բաքու մեկնելուն. հարգելի՛ Կարեն Գիլոյան, ինչո՞ւ նրանց չէիք հրավիրել: 
Բաքու գնալը հայերիս հերթական անխելքությունն է: Ցավալի է, որ խելքի չենք գալիս, մշտապես ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին: Լավ, մինչև ե՞րբ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել