Այսօր շատ տարօրինակ բան արձանագրեցի. օրվա գրեթե նույն ժամին ես, ընկերներս և ընտանիքիս մեկ այլ անդամ մեր հետ կապ ունեցող մարդկանցից տարօրինակ հարցում ենք ստանում. «Այդ crimenews.am կայքը, որն առավոտից գրում է նախօրեին Ավան-Առինջում տեղի ունեցած ձերբակալությունների, այսօր էլ ավագանու անդամ Արմենի Երեմյանի հորինված «ձերբակալության», այդ ու այլ բաների հետ Տարոն Մարգարյանի կապի մասին, ձեր իրավաբան քրո՞ջն է պատկանում»:

Բնականաբար, ահագին շշմեցի, որովհետև որքան էլ իմ հպարտության աղբյուր քույրս լավ իրավաբան-փաստաբան է, բայց համակարգչից ու համացանցից միակ իմացածը Word-ի փաստաթղթում տեքստ տպելն է: Դե ինտերնետ, սոցիալական ցանցեր մտնելու և ահա՝ ինտերնետ պորտալ ունենալու ֆանտաստիկայի մասին էլ չասեմ:

Երբ իմացա, որ նույն հարցը եկել է տարբեր հասցեներից, հասկացա, որ կա՛մ իրոք նման լուրջ կասկածներ կան, կամ ինչ-որ մեկի հատուկ ուղղորդումն է: Դրանցից որ մեկն էլ լինի բացատրությունը, ուզում եմ հիասթափեցնել.

1. հիմար չենք և հասկանում ենք ուղղորդման նպատակը՝ Տարոն Մարգարյանի ու այլոց կասկածներն ուղղորդել այլ հասցեով, քանի որ ընտանիքս 2012թ. մայիսին ու դեկտեմբերին երկու անգամ Ավան համայնքում դաժան պայքար էլ է մղել հենց այդ նույն մարդկանց ու նրանց թիմերի դեմ...

2. մեկընդմիշտ հիշեք, որ Տարոն Մարգարյանը մեզ թշնամի չի ընկալվել ու չէ. նա իր ՀՀԿ-ական թիմով մեր քաղաքական թիմի (բայց ոչ ընտանիքի) մրցակից-ընդդիմախոսն է ու ոչ ավելին:

Հետևաբար, վազն անցեք մեր ընտանիքից և քաղաքական կեղտոտ խաղերում չփորձեք ներքաշել մեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել