Եթե ուզում ենք, որ Ցեղասպանության փաստն աշխարհում ճիշտ ձևով ճանաչվի, ապա պետք է մեր ձևակերպումներում ուղղումներ մտցնենք: Բոլորս էլ գիտենք, որ այդ ոճիրը տեղի է ունեցել Հայաստանի արևմտյան հատվածում` Արևմտյան Հայաստանում: Այս հասարակ ճշմարտությունը պետք է հասցնել մնացյալ մարդկանց: Ոչ ոք պարտավոր չէ անգիր իմանալ մեր պատմությունը, իմանալ, որ թուրքը եկվոր է, որ զավթել է մեր հայրենիքի մի մասը և պետություն հիմնել, որ մեր երկրում մենք եղել ենք օտար պետության լծի տակ: Պետք է դադարեցնենք ներքին և արտաքին լսարանի առաջ ասել. «Հայերի 1915 թվականի Ցեղասպանություն ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ կամ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ», պետք է ասել «Հայերի Ցեղասպանություն ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»: Եթե հեռու տանից տեղից, չլինեի հայ, լինեի օտարազգի, ապա, երբ լսեի, որ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն, կմտածեի, որ թուրքերի հայրենիքում ապրել են հայեր, որոնք ուղղակի ցեղասպանվել են, ինչպես հրեաները Եվրոպայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել