Չեմ հասկանում բյուջեում «ավելորդ» 7000 ԱՄՆ դոլար չկա, որ տրամադրվի Կոմիտասի ձեռագիր նյութի արտագրված տարբերակը գնելու համար: Դա է մնայունը, դա է մեր մշակույթը, մեր պատմությունը: Ո՞ւմ  են պետք բարձրագոչ հայտարարությունները, թե հազարամյակների պատմություն ունենք, եթե այն պահպանել չգիտենք: Ինչո՞ւ իրավասու մարմինները ոչինչ չեն ձեռնարկում, չտեսնելու են տալիս: Հարգելի Մշակույթի նախարարություն, եթե ունեք ինչ-որ մտավախություններ ու վախենում եք կորցնել այդքան սուղ միջոցները, հանձնաժողով ձևավորեք  կամավոր արվեստագետներից/գոնե այդտեղ գումար չվատնեք/, ովքեր Կոմիտասից, մեղմ ասած, «գլուխ են հանում», ուսումնասիրեք ձեռագիրը, եթե համոզվեք, որ այն իրոք արժեքավոր է, գնեք:  

Ձեռագրի մասին

Այդ ձեռագիրը 58 էջ է, որից հատկապես 11 էջերը բացառիկ են, քանի որ այդտեղ Կոմիտասը դասակարգել է արևելյան և հայկական ժողովրդական նվագարանները, հայ եկեղեցական նվագարանները (բոլորը` իրենց տեսակներով ու անուններով): Ապա դասակարգված են հայտնի նվագողների անունները. ով ինչ նվագարան է նվագել, խոսվում է հունական և եբրայական նվագարանների մասին և այլն: Հետո Կոմիտասի ծոցատետրերից վերցված ասույթներ են, տաղերի, երգերի ամբողջական բառեր, որոնք նույնպես արխիվում չկան:  Հետո ևս 2 էջ` «Կոմիտասի դավթարից», ապա աշուղ Հազիրիի դամբանականը` արտասանված աշուղ Ջիվանիի դագաղը գերեզման իջեցնելիս և աշուղական մի քանի երգեր: Այս տետրը արժեքավոր է նաև նրանով, որ նշում է կորած ձեռագրերի հետքը և հնարավորություն է տալիս գտնելու Կոմիտասի այլ ձեռագրեր:

Նյութի աղբյուրն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել