Ժամանակակից մեթոդներով անասնաբուժությամբ և անասնաբուծությամբ զբաղվելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Ցավոք, սակայն մեր պետական բյուջեն թույլ չի տալիս զուգահեռ քայլել զարգացած երկրների կողքով: Սակայն դա չի նշանակում, որ անասնաբուժության ոլորտում պետք է ունենանք այսպիսի իրավիճակ և կորցնենք անգամ այն, ինչն ունեցել ենք տարիներ շարունակ: 
Դեռևս սովետական տարիներից Հայաստանը միշտ աչքի է ընկել իր անասնաբույժերի և իրականացվող անասնաբուժական միջոցառումների բարձր մակարդակով: Տարիներն անցան, զարգացում չապրեցինք, և ցավալի է, որ անգամ կորցնում ենք այն, ինչ ունեինք: Սովետական տարիներից ի վեր բրուցելոզ հիվանդության նկատմամբ որպես պետական միջոցառում իրականացվում է կենդանիների առողջացման ծրագիրը: Կենդանիները ստուգվում են, և եթե պարզվում է, որ կա հիվանդ կենդանի, վերջինս ենթարկվում է հարկադիր մորթի: Եվ ահա 2014 թ.-ին պարզվեց, որ Գեղաշենում բրուցելոզով հիվանդ կենդանիների թիվը հասել է աննախադեպ ցուցանիշների: Ամենևին, որպես առաջնային խնդիր չեմ ցանկանում դիտարկել այն, որ նման քանակությամբ հիվանդ կենդանիների առկայությունն ուղղակի ապացույց է, որ տարիներ շարունակ հարկադիր մորթը եղել է միայն թղթի վրա, իսկ հիվանդ կենդանիները ոչ միայն չեն մորթվել, այլև բազմացել են՝ հիվանդացնելով մյուսներին ևս: Եվ ահա, երբ ի վերջո պարզվեց, թվում էր՝ խնդիրը վերջապես կլուծվի: Ամեն օր լսում էինք հայտարարություններ, թե քանի գլուխ կենդանի է ենթարկվել հարկադիր մորթի, լսում էինք՝ ինչպես էին աջակցում գյուղացուն՝ կազմակերպելով մսաղիքի իրացումն առանց դժվարությունների: 
Իսկ հիմա արդեն պարզվում է, որ Գեղաշենում կենդանիներին վակցինացնում են բրուցելոզի նկատմամբ: Եվ սա իրականացվում է այն դեպքում, երբ չկա կենդանիների համարակալում, գրեթե անհնար է և չի իրականացվում կենդանիների տեղաշարժի նկատմամբ վերահսկողություն, երբ անգամ վակցինայի օգտագործման հրահանգով վակցինան կարելի է կիրառել, եթե կենդանին լրիվ առողջ է, չունի որևէ հիվանդություն, իսկ մակաբուծային հիվադությունների առկայության դեպքում, եթե իրականացվում է ճիճվաթափում և հակամակաբուծային բոլոր միջոցառումները: Նշեմ միայն, որ վակցինացումն սկսվել է առանց ճիճվաթափման: Այսքանից հետո, կարծում եմ, դժվար չէ ենթադրել՝ ստուգվե՞լ է, արդյո՞ք կենդանիներն առողջ են, թե՞ ոչ:
Այսքանից հետո մնում է միայն հիշել մեծն երգիծաբան Սունդուկյանի խոսքերը. «Առաջ գոռալով՝ հետ ենք շարժվում»:

Հ.Գ.
Անգամ Ղազախստանը 2013 թ.-ին պիլոտային ծրագրի ավարտից հետո՝ որպես անարդյունավետ պայքարի միջոցառում, վակցինացումից հրաժարվեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել