Այն հայը, ով, փրփուրը բերանին, անընդհատ պնդում է, թե հայերը դավաճան են, վկայակոչելով այս կամ այն գրական կերպարն ու գրքային իրադարձությունը, պոտենցիալ դավաճան է, նրա հետ գործ մի ունեցեք, անտեսեք նրան, ուշադրություն մի դարձրեք, մեկուսացրեք Ձեր բուժիչ անուշադրությամբ, և ես Ձեզ հավաստիացնում եմ, որ սա սրանց դեմ միակ հակաթույնն է։

Դադարեցեք այն անունները այս կամ այն առիթով տարածել-տիրաժավորելուց, որոնք կամ Եղեռն են ժխտում, կամ Խոջալու են ճանաչում, կամ աջակցում են ճանաչողին... Թիվ մեկ կանոնն այս բոլորի դեմ մոռացության մատնել սրանց։

Սակայն, երբ մարդը ընդամենը կրողն է սխալ տեսակետի, բաց է, կարող է քննարկել ու հասկանալ, մեր մասին չի խոսում երրորդ դեմքով, չի ասում՝ ՍՐԱՆՔ ԱԶԳ ՉԵՆ, այլ կարող է, օրինակ, ասել՝ ՄԵՆՔ ԱԶԳ ՉԵՆՔ, սխալ գրքերի ու խորհրդային պատմագիտության զոհն է, ապա սիրով շրջապատեք ու բուժեք նրան՝ Ձեր ջերմությամբ ու սրտացավ վերաբերմունքով։

Վտանգավոր են բոլոր նրանք, ովքեր իրենց գաղափարաբանական կաղապարականությամբ բութ են ու մարտնչող, մի տեսակետ են առաջ բերում ու աշխարհը հանգեցնում դրան, բառարմատներից տիեզերքներ են ստեղծում, շատ հեշտությամբ, առանց սրտի ցավի՝ հաստատում մարդկության մոտալուտ վախճանը, և, այդ նույն մարդկության ողջ պատմությունը բացատրում են մի երկու պիտակ ավելացնելով, մի երկու արձանագրությամբ, մի երկու սիոնիստով, մի երկու կոմունիստ ի վերջո՝ դարձյալ սիոնիստով և այլն։ Դադարեցեք անընդհատ վերջիններիս մասին խոսել, գրել, ցույց տալ, մատնացույց անել։ Սա վատ տոնի նշան է։ Այս աշխարհը կառուցված է այնպես, որ Ձեր ստեղծած քամիներն անգամ Ձեր հակառակորդների առագաստներն են լցնելու, քանզի մենք մեր նավատորմը դեռ պիտի ստեղծենք ու օվկիանոսները դեռ պիտի նվաճենք։
Մեզանով զբաղվեք՝ ինքդ քեզանովից սկսելուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել