Քչերը կհասկանան, թե ինչ է նշանակում նախագահի վերջին աշխատանքային օրը: Այն պարզ պատճառով, որ մեզանից քչերին է բախտ վիճակվել նախագահ լինել: Այսօր աշխարհի ամենահետաքրքիր և ամենաինքնատիպ առաջնորդներից մեկի՝ Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի վերջին աշխատանքային օրն է: Համոզված եմ՝ շատ շատ ղեկավարների համար նախագահական պալատին հրաժեշտ տալը չափազանց ցավալի է, ողբերգության նման մի բան: Բայց ոչ Մուխիկայի համար, որը մինչև երկուշաբթի, երբ պետության առաջնորդի պաշտոնը կստանձնի Տաբարե Վասկեսը, դեռ երկու օր ունի, ինչպես ասում են՝ իրերը հավաքելու համար: Չեմ էլ կարծում, թե Մուխիկան նախագահականում շատ իրեր ունի, որովհետև նա երբեք սեր չի ունեցել պալատների հանդեպ: Միշտ ասել է՝ «Նախագահը թագավոր ու Աստված չէ: Նա քաղաքացիական ծառայող է: Եվ իմ կարծիքով՝ նախագահի պարտականությունն է ապրել այնպես, ինչպես ապրում է այն ժողովրդի մեծամասնությունը, որին նա կոչված է ծառայել»:
Հենց այդպես էլ ապրել է Մուխիկան՝ իր նախագահության հինգ տարիների ընթացքում՝ մայրաքաղաք Մոնտեվիդեոյի մոտակայքում գտնվող իր փոքրիկ տանը՝ կնոջ հետ, շարունակելով քրիզանտեմներ աճեցնել, ու ամեն օր աշխատանքի էր գնում իր հին, շատ հին «Ֆոքսվագենով», որը Հայաստանում շատերը կամաչեին նույնիսկ իրենց դռան առաջ կանգնեցնել: Ու հիմնավորում էր՝ «Ես չեմ ակնկալում, որ ուրիշներն ապրեն ինձ նման: Ես հարգում եմ ուրիշների ազատությունը, բայց ես նաև պաշտպանում եմ իմ սեփական ազատությունը»: Նախագահական աշխատավարձն էլ, որը կազմում է ամսական մոտ տասներկու հազար դոլար, 90 տոկոսով նվիրաբերում էր բարեգործական կազմակերպություններին՝ որպես աջակցություն աղքատներին ու նաև նրանց, ովքեր փորձում են սեփական համեստ գործ սկսել: Ու երբ արտասահմանցի լրագրողները հարցնում էին՝ «Լավ, բա ինչպե՞ս եք յոլա գնում», պատասխանում էր. «Շատ լավ էլ ապրում եմ, որովհետև բազմաթիվ ուրուգվայցիներ սրանից էլ պակաս փողով են գոյատևում»:
Այս եզակի մարդը, որը ժամանակին մարքսիստական զինված խմբավորման անդամ էր, դատապարտվել էր տասնչորս տարվա ազատազրկման, բանտից փախչելիս էլ վեց տեղից վիրավորվել էր, նախագահ դառնալուց հետո էլ իրոք երբեք չկտրվեց հասարակ ժողովրդից: Երևի լսել եք, որ մի քանի շաբաթ առաջ տեղացիներից մեկը պատմել է. «Աշխատանքից տուն էի գնում, պատահական մեքենա կանգնեցրեցի, նստեցի, մեկ էլ տեսնեմ՝ ղեկին նստած է մեր նախագահը, կողքին էլ կինը»: Եթե որևէ մեկը պնդի, թե Խոսե Մուխիկայի օրոք Ուրուգվայը ծաղկուն երկիր դարձավ, երկնիշ տնտեսական աճ ունեցավ, չքավորությունն իսպառ վերացվեց և այլն, հաստատ խիստ չափազանցրած կլինի: Շատ գաղափարներ ուներ, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին: Օրինակ, պնդում էր, թե դպրոցների ղեկավարներին՝ տնօրեններին, պետք է իրավունք տրվի իրականացնել սեփական ուսումնական ծրագրերը՝ անկախ այն բանից, թե ինչ ծրագիր է հաստատել կրթության նախարարությունը: Չանցավ այս նախաձեռնությունը, բազմաթիվ բողոքներ եղան: 
2013 թվականին «Էկոնոմիստ» բրիտանական պարբերականն Ուրուգվայը ճանաչեց տարվա երկիր: Հիմնականում այն պատճառով, որ Մուխիկայի նախաձեռնությամբ օրինականացվեց մարիհուանան: Մինչև հիմա էլ ուրուգվայցիներից շատերը սա սխալ են համարում: Իսկ գաղափարն ի՞նչ էր՝ պայքարել թմրանյութերի անօրինական վաճառքի դեմ: Այսինքն՝ խնդրեմ, թույլտվություն ստացեք ու աճեցրեք, էլ հանցագործ կազմակերպություններից մի գնեք: Հիմա պարզվում է, որ իրականում այդ բույսն աճեցնելն այնքան էլ էժան չի նստում, և ուրեմն ստացվում է՝ էլ ինչո՞ւ աճեցնեմ, երբ նույն գնով կարող եմ գնել: Մուխիկան նաև Գուանտանամոյի տխրահռչակ ամերիկյան բանտից վեց բանտարկյալների, որոնց մեղքը չի ապացուցվել, դեկտեմբերին բերեց Ուրուգվայ: Անցավ երկու ամիս, այդ մարդիկ այդպես էլ չկարողացան ինտերգրվել, ու մի քանի օր առաջ ինքը՝ նախագահը, փաստեց՝ չեն ուզում այս մարդիկ ոչ իսպաներեն սովորել, ոչ էլ աշխատել:
Եվ, այնուամենայնիվ, Մուխիկան բազմաթիվ սոցիալական ծրագրեր է իրականացրել և, ի դեպ, հիմա, երբ հեռանում է, նրա վարկանիշը կազմում է 65 տոկոս: Համաձայնեք՝ գնացող նախագահի համար սա շատ բարձր ցուցանիշ է: Բազմաթիվ նախագահներ կերազեին: Բայց դա չէ կարևորը՝ էստեղ ուրիշ հարց կա: Արևմտյան վերլուծաբաններից մեկը շատ ճիշտ միտք է արտահայտել՝ կան նախագահներ, որոնց ներդրումը հասարակության զարգացման, կայացման գործում չի կարելի վիճակագրական թվերով չափել: Այսպիսին էր նաև Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, որն իր կերպարով, իր խարիզմայով, իր ազնվությամբ ու ինտելեկտով պարզապես բարձրացնում էր հասարակությունը: 
Նույն դերն Ուրուգվայում խաղացել է Խոսե Մուխիկան: Լատինական Ամերիկայի մեկ այլ երկրի հասարակ քաղաքացիներից մեկն այսպիսի մեկնաբանություն է գրել համացանցում՝ «Երանի ուրուգվայցիներին: Երբ ես համեմատում եմ Մուխիկային մեր պետական ղեկավարների ու գործիչների հետ, տեսնում եմ, թե որքան խղճուկ ու ճղճիմ են մերոնք, ինչ ապաշնորհ, ագահ ու ընցաքաղց են նրանք»: Եվ իրոք, այս մարդը՝ Խոսե Մուխիկան, որին ուրուգվայցիները պարզապես Պեպե են անվանում, միշտ ասում էր. «Ես երբեք չեմ ատում մարդկանց: Արդոք դուք գիտե՞ք, թե դա ինչ մեծ առավելություն է՝ երբեք չատել որևէ մեկին: Մարդ արարածը կախվածություն չպիտի ունենա ոչ թմրանյութերից, ոչ ծխախոտից, ոչ էլ ալկոհոլից: Մարդը պիտի միայն սիրուց կախվածություն ունենա»:
Հահաձայնեք՝ դժվար է պատկերացնել, որ Խոսե Մուխիկան երբևէ իրեն թույլ տա անվանարկել, նվաստացնել որևէ մեկին՝ լինի դա հայտնի քաղաքական գործիչ, բիզնեսմեն, թե ամենավերջին քաղաքացին: Ու երևի Պեպեի ավարտվող նախագահության ամենագլխավոր, ամենահիմնական ուղերձը հենց դա է՝ «Եղիր բարձր ու բարձրացրու հասարակությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել