Մեր մեջ Ծովինարի խմած մեկ ու կես բուռ ջրերից մարդու երկու տեսակ է ապրում՝ լիարյուն ու կիսատ։ Հիմա էս լիարյուն տեսակը ոգեղեն պաթոսով ու արարչական հանճարով երկիր է ստեղծել, սյուներին կամարված՝ երկնաքեր ու ընբոստ, բայց մեր կիսատ տեսակն այդ երկրի իշխանությանն է տիրացել ու բռնանում է հասարակ մարդու ու լիարյուն տեսակի կամքին։

Առաջին դերերում կիսատներն ու միջակներն են, քանի որ ինքնաբավ, ստեղծող, հպարտ ու ազատ մարդը նախընտրում է միջակության պատը շրջանցել, հեռանալ։ Ու հիմա շքերթ է, անաստվածների բարոյախոսական շքերթ, որտեղ խոհանոցների պատերին կախված աղբարկղ-հեռուստացույցներից առաջինը պիտի համոզի, որ միայն ինքն է կարող ապահովել «Ապահով անկումի» գործընթացը մեր բազմաչարչար ցեղի համար՝ Նժդեհի (թե խեղճ մարդն ի՞նչ մեղք ուներ)՝ իրենց խելքին ոչ հասու ասույթների ուղեկցմամբ։

Էս աշխարհն էլ այնպիսին է, որ կյանքի իրական տերերին սրանք՝ անխառնվածք ու աներես, շատ են ձեռնտու, քանի դեռ յուրաքանչյուր միավորի գոյության իմաստը դրամից ճիշտ ժամանակին մասնաբաժին հատկացնելն է ու ճշմարիտ լեգենդի ապահովումը։ Սրանք էլ ապահովում են։

Մենք՝ «Մենքի» պրոբլեմ ունեենք։ Առնվազն մեկ սերունդ է պետք այս աննկարագիր տեսակը հաղթահարելու համար՝ դպրոցով, ընտանիքով, մշակույթով, աշխատանքով։ Այսինքն՝ լիդեր է պետք, խարիզմատիկ լիդեր, Սանասարի տոհմից, ով մարդկանց դժվարություն ու զրկանք կխոստանա, բայց լույս կլինի թունելի վերջում, ու վերափոխումների սկիզբը կդնի, անգամ կյանքի գնով։

Դ․Վ․ 26.02.2015թ․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել