Հայկական քաղաքական թատրոնը տրագիկոմեդիա է, որտեղ դերակատարները դերասաններ չեն, այլ իսկական խեղկատակներ։ Ժողովրդի անունից, ժողովրդի համար, հանուն ժողովրդի. իրականում ոչ ոք ծրագիր չունի, ռազմավարություն չկա, խառնվածք չկա, վճռականություն չկա, մտքի մասշտաբ չկա։ Քաղաքական լիդերի պակասության պատճառով է, որ կիսատների իշխանություն ենք ապրում։ Իսկ Հայրենիքը տրված է զինվորին, շինականին ու հասարակ մարդուն։ Նրանք էլ իրենց օրն ապրում են սրանցից հիասթափ, երբեմն զզվանքով արդեն։ Հայաթի տղերքի պետություն ենք դարձել, ու քանի դեռ համաշխարհային զարգացումներից դուրս շպրտված ենք, սրանք էլ, առիթից օգտվելով, իշխում են։

Մենք մեր պատմության մեջ ոչ դեմոկրատիայի, ոչ էլ կեղծ դեմոկրատիայի փորձ չենք ունեցել ու անկազմակերպ, անիմաստ պատեպատ զարկվելով, սրանցից ազատվել չենք կարող։ Մի օր Արցախ ենք գնում, մի օր օպերայի հրապարակ։ Վերջում մարդը մնում է մենակ իր առօրեական անանցանելի պրոբլեմների հետ, հիասթափվում է ու մեջքով շրջվում։

Քաղաքականությունը պիտի մարդու համար լինի, նրա շահերին ծառայի, նրա սոցիալական խնդիրները լուծի։ Թե չէ Նժդեհից մեջբերումներով ու Աշոտյանի մարտնչող կեցվածքով միջին դաս չես ստեղծի, Ծառուկյանի բաժանած սերմնացու կարտոֆիլով՝ ագրարային կոմպլեքս կամ ԼՏՊ-ի Մուսոլինիի դատարկահպարտ կեցվածքով՝ երջանիկ Հայաստան։

Մեկը մեկին արժեն։ Նախագահն էլ է մերկ՝ անդերսենյան հեքիաթի օրինակով, նախագահ դառնալ ցանկացողներն էլ, ու քանի դեռ Հայ ժողովուրդը, որ աշխարհասփյուռ է, իր Ձեռքը չի վերցրել ՀՀ ճակատագիրը, որը հայության լոկ մասն է, ոչինչ չի փոխվելու։

Դեպի ԱՐԱՐԱՏ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել