ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը

Զգում էինք, որ դժվար տարի է լինելու, ծանր տարի, ցեղասպանության հարյուրամյակ ենք նշելու ու եթե նաև սրտով ենք անցկացնում կատարվածը, չենք կարող սրտով էլ չարձագանքել: Բայց ոչ ոք չէր կարծում, որ տարին այսքան արագ և այսքան միանգամից ծանր փորձություններ դեմ կտա, ու մենք այսքան անպատրաստ կլինենք այդ փորձություններին: Գյումրիի ողբերգությանը չեմ ուզում անդրադառնալ՝ ցավին ցավ չավելացնելու համար, ի վերջո բոլոր խոսքերն ասվել են, ու հիմա հետաքննությունը պիտի իր խոսքն ասի: Ուզում եմ Բերձորի դեպքերին անդրադառնալ: Շատ վատ բան է կատարվել: Կարո՞ղ էր կանխվել, իհարկե, կարող էր: Եթե Ժիրայր Սեֆիլյանը և նրա ընկերները քաղաքական բավարար գիտակցություն ունենային, որ Արցախը, որի ազատագրման համար իրենք են կռվել, որի երեկվա, այսօրվա ու վաղվա ճակատագրի համար իսկապես մտահոգ են, չի կարելի ներքաշել քաղաքական խաղերի մեջ, չի կարելի վտանգել առանց այդ էլ լարված իրավիճակը: Մտածեցի՞ն: Ոչ: Ասված էր՝ մի եկեք: Լսեցի՞ն: Ոչ: Ինչու՞: Ի՞նչ դարակազմիկ հայտարարություն էին անելու այնտեղ, որ այստեղից տեղ չէր հասնի: Հարյուրամյակն առանց վարչակարգի խիստ կասկածելի կարգախոսը Արցախում ու՞մ դեմ էր հնչելու: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններ ի հայտ են բերում քաղաքական կարճատեսության ու չեմ վախենում ասել սադրիչության գոյությունը: Բայց մենք էլ ավելի լավը չենք, որովհետև կատարվածի մեր ընդհանրական գնահատականներում ընկանք հետևանքների հետևից ու պատճառները հասկանալ չփորձեցինք: Որովհետև մեր ամբողջ մտածողությունը պտտվում է միայն մակերեսին՝ էդտեղ հեշտ է հերոսանալ, իսկ թե կեղծ հերոսության հետևանքներն ինչ գին ունեն, կարևոր չէ: Գնի մասին: Ես կոկորդ պատռելու սովորություն չունեմ, կոկորդս չի ցավում, և բառերն իրար շալակ չեն բարձրանում, բայց տեսնում եմ, ոմանք, կոկորդ պատռելով, բառերն իրար շալակի հանելով, խոսում են, երբ ավելի խելամիտ կլիներ՝ լռեին: Համարձակվում են բարձրանալ ամբիոն՝ առանց անհարմար զգալու, գուցե անհամար են զգում, բայց թաքցնում եմ դիմափոշու տակ: Ձեռագիրը վատն է, անճոռնի, ագռավի ճանկերի պես վատը, նաև ծանոթ: 
Մութ չի, բոլորն ամեն ինչ գիտեն: Բայց եթե այսօրվա վարձատրությունը պահելու եք բարձի տակ, վաղը սարքած քաոսը ձեր դեմ է ուղղվելու: Բումերանգը վերադառնում է, զգույշ եղեք: Հանեք դիմակները, տեսանելի եք, իզուր մի փորձեք սուրբ ձևանալ, ցույց տվեք, թող մարդիկ տեսնեն ձեր իրական դեմքը, ասեք, որ թքած ունեք նույն այդ մարդկանց վրա, ասեք, որ այն մարդիկ, ում հոգսերից խոսում եք, ձեզ իրականում չեն հետաքրքրում, ձեզ մեկ բան է հետաքրքիր՝ քեշ շահը, դոլարով կամ բրիլիանտով: Տեղներդ նստեք, ախր բոլորիդ ոչ հեռավոր անցյալը դեռ էկրաններին է, հերիք եղավ էս երկիրը դարձնեք թատերաբեմ ձեր արտիստական չհաջողված տաղանդները հրապարակ հանելու, հերիք է:
Դուք ոչ ձու ածող եք և ոչ էլ ծուղրուղու կանչող, տարիքը էն չի, սսկվեք: 
Վերջում Սպարապետի մեկ պատգամը, որը Վազգենը խորհուրդ էր տալիս մեզ՝ ասելով. «Դա արժե հիշել ցեղասպանության 100-ամյակի տարում»: Վազգեն Սարգսյանն իր նամակն ավարտում է հետևյալ խոսքերով. «Ինչ եմ ես առաջարկում… Ակնհայտ բաներ: Ակնհայտ և պարզ բաներ: Համախմբվել ազգովի Հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում: Համախմբվել ազգովի Հայաստանի Հանրապետությունից դուրս: Կենտրոնացնել մեր տնտեսական, քաղաքական, մտավոր ներուժն ամբողջ աշխարհում: Եվ դա ուտոպիա չէ: Դա հնարավոր է և անհրաժեշտություն»: Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել