Ես Հայաստանից, իմ սիրելի երկրից փաստացի դուրս դրված մարդ եմ, սակայն դա չի նշանակում, թե ես Հայաստանում չեմ։ Այնտեղ, որտեղ ես կամ, այնտեղ Հայաստան է։ Ցավում եմ, որ այս մասին ստիպված եմ FB-ի միջոցով արտահայտվել, բայց, ավա՜ղ, սա ամենահասու միջոցն է։ Թող ներեն նրանք, ովքեր առավոտյան մի պիտակ կփակցնեն՝ իրենց ներսում նստած հրեշին փայփայելու համար, նրանք, ովքեր առանց պարզելու կասեն՝ դե դրսում լավ է կամ գնացել եք, ուրեմն դավաճան եք։ Թախանձագին խնդրում եմ, դուր չի գալի՞ս, մի կարդացեք, ես իմ էջում եմ գրում։ Ես իմ երկրի տերն եմ:

1. Քաղաքական գործիչը պիտի պատասխանատու լինի իր քայլերի համար։ Նա առջևում է գնում ու իր ետևից մարդկանց է տանում։ Քաղաքական գործիչների թույլ տված սխալները կոտրում են հասարակության ողնաշարը։ Դասական օրինակ է Գ.Ծառուկյանի՝ կես ճանապարհից ետ դառնալը, կամ Ռ.Հովհաննիսյանի փակուղային հացադուլը։ Մեծարգո գործիչներ, ձեր պարփակ, պարպված գործունեության արդյունքում ժողովուրդն է դառնում ձեռնասուն։ Երբ դուք չմտածված քայլերի պատճառով պատժվում եք, այն էլ ապօրինի, հասարակ մարդը ոզնիանում է, առանձնանում, փակվում։ Հասարակության մեջ հենքը պետությունից տեղափոխվում է դեպի ընտանիք։ Մարդն էլ սկսում է արտագաղթել։ Այսօր ինձ պատմեցին մի բարետես ընտանիքի մասին, ովքեր ժամանել են Հայաստանից, մի քանի օր պիտի հանգստանան Պրագայում, վաղը գնալու են Ֆրանսիա՝ հանձնվելու։ Նյարդերս չեն դիմանում պատմելու, թե ինչ լեգենդով են հանձնվելու։

2. Այդպիսի մի քայլ կլինի Եղեռնի օրը ժողովրդին սադրանքի միջոցով ալեկոծելը։ Նման քայլերի արդյունքում վաղն իմ ժողովրդին վանդակի մեջ մի վարժեցնողն էլ մտրակով ու շաքարով կենթարկի, կստրկացնի։ Այսպիսի անհեռատես, անպատասխանատու պահվածքի պատճառով է, որ դարձել ենք դրամով ընտրող։ Վաղն էլ առանց դրամի զենք չեն վերցնելու, և սա բոլորիս պրոբլեմն է։

3. Արցախը Հայաստան է, մեր եղբայրների ու քույրերի քրտինքով ու արյամբ ազատագրված մեր Երկրի մասն է, սակայն Արցախում ՀՀ ընտրող չկա։ Այն մեր մտահոգության առարկան է, մեր որդին է, մեր ցավը։ Մինչ այսօր դրսում լսել եմ, թե նայեք՝ հայերը ոնց են Արցախը շենացրել՝ ի տարբերություն Պրիդնեստրովիայի, Աբխազիայի, Օսեթիայի։ Հիմա զանգում են, հարցնում են՝ թե էս ինչ է։ Ուրեմն քաղաքական խնդիրները սահմանին, Արցախին, զինվորին, պաշտպանությանը չպիտի վնասեն։ Դուք ձեզ համարում եք ճշմարիտ, լավ եք անում, բայց մենք ազատագրումը դեռ չենք ավարտել, ու մի նոր պտույտ է տալիս ժամանակը՝ հղի նոր վտանգներով։

4․ Ամենավտանգավորն այն համոզված հայն է, ով աննկատ, ինքն իր համար նույնիսկ, չարիք է դարձել։ Ռուսամետ լինես, թե արևմտամետ, եթե հայ ես, հիշիր, առանց Հայաստան դու գնչու ես։ Երբեմն սարսափում եմ, երբ սովորական զրուցի ժամանակ «Պուտին» բառի վրա որոշ մարդկանց աչքերի մեջ մի յուրահատուկ փայլ է հայտնվում, մի ինքնամոռաց գոռոզություն, թե՝ արա դե ուրիշ է էլի Պուտինը։
Ուրիշ է, թե ուրիշ չէ, մեր պուտինի անունը Սերժ է։ Մեր երկիրն էլ Աչխոյ Մարտանը կամ Ուլան Ուդեն չէ։ Հայաստանն է։ 
Հետո։ Ռուսաստանի իմ սիրելի հայեր, նոր ղեկավարություն ընտրելու ժամանակն է, թեկուզև ռուսամետ լինի։

5. Սիրելի արևմտամետ հայ, ես մեղավոր չեմ, որ Հայաստանը գտնվում է ռուսական ազդեցության գոտում, որ իմ ժողովրդի մի ստվար հատված հակված է ռուսոֆիլության։ Դու էլ պարտավոր ես հարգել նրանց տեսակետը, և, հակառակը, նրանք էլ քոնը պիտի հարգեն։ Մեր նպատակը պիտի լինի աշխարհասփյուռ հայության կազմակերպումը հանուն հայ մարդու բարօրության։

6. Իշխանությունը լկտիացել է, անցնում է բոլոր սահմանները, սակայն մենք հեղափոխության իրավունք չունենք։ Ձեր կոչերի ու լոզունգների արդյունքում այլ հայեր են հայտնվելու ճաղերից այնկողմ։ Մենք պիտի պատրաստվենք այսօրվանից և հաջորդ ընտրություններն այնպես անցկացնենք, որ բացառվեն ընտրակաշառքն ու «կառուսելը», բացակաների փոխարեն ընտրելը։ Սրան կարելի է հասնել սփյուռքի ներկայացուցչական լայն մասնակցությամբ, ընտրակաշառքի բռնագրավմամբ, բաժանողներին պատժելով, Հայաստանից դուրս, Հայաստանից եկած պաշտոնյաների բոյկոտով, դեսպանատներից՝ սփյուռքում ընտրություն պահանջելով ու կազմակերպումով, խաղաղ ցույցերով, գործադուլով ու միտինգներով ու այլ միջոցներով։ Ինձ թվում է, եթե ուժեղ առաջնորդներ լինեին, խառնվածքով օժտված, ասելիք ունենային, ապա իշխանությունն էլ կփոխվեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել