Ժողովրդավարությունը ցանկացած պետության գլխավոր արժեքն է, սակայն ժողովրդավարության անվան տակ չպետք է տեղ գտնեն միտումներ և քայլեր, որոնք կարող են վտանգել մեր պաշտպանությունը, որոնք կարող են սասանել մեր ուժը:
«Հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոսով երթի ծավալումը նաև Արցախում համարում եմ անբարո, ուստի միանում եմ ԼՂՀ երիտասարդական կազմակերպությունների հայտարարությանը և կոչ անում Արցախը զերծ պահել քաղաքական ակցիաներից:
Այս օրերին Արցախը դարձել է մեր գլխավոր հենարանը, Արցախում է մղվում պատերազմ հանուն Հայաստանի ապահովության, սահմանների անվտանգության: Արցախը մեր ուժն է և մեր փորձությունը: Ցանկացած քաղաքական ակցիա կարող է թուլացնել Արցախը, կարող է առիթ տալ թշնամուն նախահարձակ լինել:
Ուրեմն, ոչ թե Արցախին պարտադրենք մեր քաղաքական խաղերը, այլ սատար կանգնենք Արցախին: Երթի գաղափարը ծառայեցնենք պաշտպանական նպատակներին: Երթ կազմակերպենք Արցախի սահմանապահ դիրքեր, բարոյական աջակցություն ցուցաբերենք մեր զինվորներին ու սպաներին, ուժ տանք: Կանգնենք նրանց կողքին: Դա կլինի պայքարի լավագույն ձևը:
Եկեք հարյուրամյակն էլ չքաղաքականացնենք և չշահարկենք:
Այս պահին պայքարենք ոչ թե ռեժիմի, այլ ժխտողականության դեմ, պայքարենք հանուն այն բանի, որ աշխարհը վերջապես դատապարտի Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիային, որպեսզի անմեղ զոհերի խնկելի հիշատակի առջև աշխարհը խոնարհվի:
Իսկ ռեժիմի դեմ պայքարելու ժամանակ ունենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել