Ամեն անգամ, երբ մռայլվում է երկինքը և տեղ-տեղ հավաքվում են ամպերը, երբ օդը մի տեսակ սառնություն է ստանում, երբ սկսում ես դժվար շնչել, երբ թեթև քամին ներթափանցում է վերանշապիկիդ տակ` ես սպասում եմ. անձրևին եմ սպասում:
Ես հիշում եմ ամենինչ: Օրեր, տարեթվեր, ժամեր: Կան հատուկ վայրկյաններ, որոնք միայն հիշվում են, երբ անձրև է գալիս: Կան մարդիկ, ովքեր մեզ հիշում են, երբ անձրև է գալիս: Ու ընդհանրապես, մենք փոխվում ենք, երբ անձրև է գալիս: 
Թող, թող գան անձրևները, թող գան ու մի քիչ ջերմություն տան միայնակներին: Թող գան ու վառեն ինչ-որ մեկի վաղուց հանգած հույսը: Թող գան ու ստիպեն երազել անքուններին: Թող գան ու մնան, չհեռանան ու չթողնեն: Գոնե անձրևները թող մեզ չլքեն: 
Անձրև եմ ուզում: Այս գրողի տարած աշունը այդպես էլ չի ուզում իր գույները հագնել: Կարծես այդպես էլ աշուն չենք ապրելու: Էլի չենք քայլելու թաց փողոցներով, վախենալով կեղտոտել շորերը, էլի չենք լսելու տերևների խշշոցը, էլի չենք փաթաթվելու տաք ծածկոցներով ու միայն մեկ բաժան տաք թեյից ջերմություն չենք խնդրելու: Աշուն չենք ունենալու, չենք ապրելու:
Իսկ ես ուզում եմ: Ուզում եմ քայլել ու զգալ անձրևից հետո մնացած օդը, ուզում եմ հիշել ու երազներս նվիրել անձրևներին: Ուզում եմ անէանալ աշնան մեջ, այդպիսով ինքս էլ մի աշուն դառնալ: 
Որոշները կարճ ժամանակով մահանում են աշնանը, այդպիսով մեղմացնելով հոգու ցավը: Որոշները հեռանում են նորից վերադառնալու նպատակով: Որոշներն էլ չեն վերադառնում: Ու կապ չունի, թե քանի աշուն կանցնի, կապ չունի քանի հազարավոր անձրևներ կգան: Նրանք չեն վերադառնում:

Ամեն անգամ, երբ մռայլվում է երկինքը և տեղ տեղ հավաքվում են ամպերը, երբ օդը մի տեսակ սառնություն է ստանում, երբ սկսում ես դժվար շնչել, երբ թեթև քամին ներթափանցում է վերանշապիկիդ տակ` ես սպասում եմ. անձրևին եմ սպասում: Քանի որ ես միայն այդ ժամանակ եմ ապրում, ես միայն այդ ժամանակ եմ զգում ինքս ինձ, ես միայն այդ ժամանակ եմ սիրում: Միայն այդ ժամանակ, երբ անձրև է գալիս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել