Լռեք, լռեք, լռեք
Կարծում եմ, վաղուց ժամանակն է, որ ադրբեջանցիները լռեն, հատկապես սաֆարովյան իրենց ցինիկ պահվածքից հետո, քանի որ այժմ առավել քան երբեւէ, բոլորի համար էլ պարզ է, որ անկախ Ղարաբաղի հանրապետությունը չի եղել եւ չի լինելու գիշերով կացնասպաններ ծնող երկիրի կազմում, դա չի բխում ոչ Ղարաբաղի եւ ոչ էլ՝ աշխարհի անվտանգության շահերից: 
Շվեյցարացի պատգամավորների մի խումբ/ բավականին հայտնի եւ ակտիվ քաղաքական գործիչներ/, այս օրերին այցելեց Հայաստան եւ Արցախ: Մարդիկ եկել են անձամբ տեսնելու, ճանաչելու, հասկանալու Ղարաբաղը եւ ղարաբաղցիներին, անձամբ համոզվելու, թե ինչ է ուզում Ղարաբաղը եւ ինչ են ուզում ղարաբաղցիները: Պատիվ ունեցա շփվել նրանց հետ եւ հասկանալ, որ իրենք երբեմն մեր մասին ավելին գիտեն, քան մենք ինքներս: Նրանց հետաքրքրասիրությունը առաջին հերթին մեզ է պետք , այսրկողմյան աշխարհին, առաջին հերթին՝ Ադրբեջանին, եւ հենց այս պահին, քանի որ այս երկիրը կորցնելով չափի զգացողությունը, ավելի ու ավելի արագ է սկսել աշխարհը հանել իր դեմ, նախ՝ իր ռազմատենչ հայտարարություններով, ապա՝ սաֆարովյան ցինիզմով: Այդ երկիրը գերագնահատում է ինքն իրեն եւ իր լիազորությունները, քանի որ հայտնի դարձավ, որ համարձակվել են շվեյցարացիների այս այցի կապակցությամբ վայնասուն բարձրացնել, անգամ՝ բողոքել , թե ինչու են եվրոպացի պատգամավորները գնացել Արցախ:
Մեր տեղեկություններով ամեն ինչ կատարվել է դիվանագիտական նորմերին համապատասխան եւ Շվեյցարիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խումբը այցից առաջ համապատասխան հայտագիր է ուղարկել: 
Վաղուց ժամանակն է, որ աշխարհը հասկանա՝ Ղարաբաղի հարցը լուծված է, իրենցից սպասվում է միայն ընդունել այդ իրողությունը և ճանաչել արդեն երկու տասնամյակ գոյության ունեցող անկախությունը եւ ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել