Մի քանի իսլամիստ Ֆրանսիայում գնդակահարել են ավելի քան 20 հոգու, որից 10-ը մահացել են։ Առաջադեմ Եվրոպան դատապարտում է և իր տեղը չի գտնում։ Հեսա էդ իսլամիստներին դատելու են ու մի քանի տարով փակեն մի 4-5 աստղանի հյուրանոց հիշեցնող բանտերում։ Իսկ մենք շարունակելու ենք ողբալ ու դարդ անել՝ զոհվածների հարազատներից էլ մի քիչ ավելի բարձր ու ճղճղ ձայներով։ Երեկ մի ֆիլմ էին ցուցադրում հենց կոնկրետ Ֆրանսիայի դեմ նախապատրաստված, բայց չիրականացված տեռորիստական ակտի մասին, որի հիմքում վավերագիր փաստեր էին։ Ես ուզում եմ հասկանալ՝ այս ֆիլմերն ում համար են նկարահանում, եթե հենց իրենք դրանցից դասեր չեն քաղում։ Ես հանդուրժող մարդ չեմ, ասեմ ավելին, անհանդուրժող եմ, որովհետև հենց այդ ղզիկ հանդուրժողականությունն է բերում նման անմեղ զոհերի։ 
Մի սիրիահայ բարեկամ ունեմ, որն իր տեսակետն էր ներկայացնում՝ Եվրոպան և Ամերիկան արևելքի երկրներին իբր թե ազատագրելու պատրվակով հրահրում ու իրագործում են բազմաթիվ հեղափոխություններ ու պատերազմներ։ Արդյունքում հազարավոր զոհեր, քանդված պետություններ և Արևմուտքի կողմից զավթած նավթային տարածքներ։ Արևմուտքը մուսուլմանական երկրներին կազմաքանդում է՝ առանց հիմքում կրոնական դրդապատճառ դնելու, պատասխանը ստանում է վրեժի վրա հիմնված տեռորիստական դրսևորումներ՝ ֆանատիկների կողմից, որոնց սեփական առաջնորդները համոզում են, որ նման բան գրված է իրենց Ղուրանում։ 
Կարճ կոնկրետ։ Ու հենց այս բացատրությունից հետո ես հասկացա, որ երկու բառ չեմ կարողանում ընդունել՝ «ֆանատ» և «երկրպագու», քանի որ երկուսի հիմքում էլ տեսնում եմ գիտակցված ստրկային հոգեբանություն։ Ես էլ ունեմ իմ կյանքում երգիչ-երգչուհիներ, որոնց երկրպագում եմ, բայց դա լրիվ ուրիշ բան է, իսկ հիվանդագին ֆանատիզմը՝ լրիվ ուրիշ։ Ամեն դեպքում իմ համար չկա կրոնական որևէ ուղղություն, կանֆեսիա, եկեղեցի, միություն, որն ավելի թանկ լինի, քան մարդկային կյանքն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել