Ինչ խոսք, հրաշալի է, որ հայկական հեքիաթի հիմման վրա հայկական գեղեցիկ մուլտֆիլմ է նկարահանվում: Հրաշալի է մինչև այն պահը,երբ իմանում ես, որ այդ մուլտֆիլմը նկարահանվել է պետական բյուջեի միջոցներով, ու նկարահանման ծախսերը կազմել են ոչ ավել, ոչ պակաս 250 միլիոն դրամ:
Ժամերով կարելի է թվարկել այն կարևորագույն խնդիրները, որոնք կարելի էր լուծել այս գումարով, կամ այդ գումարի մի մասով: Բայց՝ ոչ, դրանց համար բյուջեում փող չկա: 
Նշեմ այդ խնդիրներից ընդամենը մեկը.
Գառնին ու Գեղարդը մեր երկրի գլխավոր տեսարժան վայրերից են, ուր այցելում են Հայաստան ժամանած զբոսաշրջիկների գրեթե 80 տոկոսը: Ինչպես գիտենք՝ Երևանից Գառնի ու Գեղարդ տանող ճանապարհին գոյություն ունի սողանքային հատված, որտեղով ավտոմեքենաները և հատկապես զբոսաշրջիկներին տեղափոխող մեծ ավտոբուսները մեծ դժվարությամբ են անցնում: Ամեն տարի ինչ-որ թեթև հողային աշխատանքներ էին անում, որից մի երկու ամսով ճանապարհի այդ հատվածի վիճակը լավանում էր: Իսկ այս տարի ընդհանրապես ոչ մի բան չարվեց, ու հիմա այդ հատվածն ուղղակի ահավոր է, իսկ ձմռանից հետո կդառնա լրիվ անանցանելի: Իսկ ինչո՞ւ չարվեց: Որովհետև մուլտֆիլմն ավելի կարևոր էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել