Մի քանի օր առաջ, երբ ամբողջ Հայաստանը քննարկում էր Արսեն Ջուլֆալակյանի հրապարակումը, «Երևանն է Խոսում» հեռուստահաղորդման ժամանակ տաղավարը լքելու նրա պատճառների մասին, վրդովմունքի ալիք բարձրացավ Արսենի խոսքերի պատճառով, որի տակ, ցավոք, ընկա նաև ես։ «Օլիմպիական փոխչեմպիոնի» խոսքերը՝ որ առաջնահերթ ներկայացնում են օլիմպիական չեմպիոններին, հետո նոր մնացածին, սխալ ընկալվեց. մեծ մասը՝ նաև ես, կարծեցինք, թե Արսենն իր մասին է ասել, մինչդեռ ի նկատի ուներ տաղավարում կանգնած միակ օլիմպիական չեմպիոնին՝ Իսրայել Միլիտոսյանին։ Նախորդ նյութում գրել էի, որ «Երկրպագուների սերը վաստակում են տարիներով, իսկ կորցնում՝ մի ակնթարթում»։ Հպարտ եմ, որ այդ մի ակնթարթն ինձ չթողեց ապրել հենց ինքը՝ Արսեն Ջուլֆալակյանը։ Նա անձամբ կապնվեց ինձ հետ և պարզաբանեց ամեն ինչ։ Չնայած այն բանին, որ այս միջադեպն ամենևին էլ չէր փոխել կարծիքս հարգելի մարզիկի վերաբերյալ, ասեմ, որ նման վերաբերմունքն Արսենի կողմից, իմ հոդվածի հետ կապված, արժանի է միայն հարգանքի։ Մենք էլի սրտատրոփ նայելու ենք Արսենի մարտերը, բռունցքներս ամուր սեղմած ցավալու ենք նրա կորցրած և վաստակած ամեն միավորի համար։ Հարգարժան Արսեն, Ձեր քայլը մեկ անգամ ևս հաստատեց կարծիքս Ձեր՝ ցիվիլ մարդ լինելու մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել