Երեկ ներկա էի մեր կենտրոնական տոնածառի լույսերի վառման արարողությանը։ Ինչքան հիասքանչ դեմքեր ես տեսա այնտեղ, ինչքան երջանիկ մանուկների ժպիտներ համակեցին հոգիս։ Չեմ կարողանում իմ հիացմունքի ու երախտիքի խոսքերը չհայտնել պարոն Մարգարյանին և էն թրաշով տեղակալին, հավանաբար որի անմիջական հսկողության տակ է Ամանորի միջոցառումների կազմակերպումը։ Դուք միակ պաշտոնյաներն եք, որ խինդ ու ծիծաղ եք պարգևում մեր փոքրիկներին։
Շնորհակալություն, որ բալիկները ժպտացին։ Բալիկներ, որոնց մեծ մասը զրկված են իրենց բնակարաններում իրենց փոքրիկ տոնածառների լույսերը վայելելուց։ Որոնց ծնողների մեծ մասը չգիտի էլ՝ ինչ արդարացում գտնի, որ տոնական սեղանն այս տարի ոչ թե հայկական է լինելու, այլ եվրոպական՝ միայն սուրճ կամ թեյ։ Որոնց ծնողներից շատերը ստիպված եղան այս տարի սեփական բալիկներին հայտնել, որ Ձմեռ Պապի իրականում գոյություն չունի։ Չկա Ձմեռ պապ՝ չկան նվերներ։ Չնայած այս ասածներս չեն վերաբերվում ամանորյա ատկատներից սեփական բալիկների համար Ձմեռ Պապիների շարասյուն պատվիրածներին, որոնց տան պարիսպներից մինչև հյուրասենյակ հեռավորությունը համարյա հավասար է Լապլանդիայից Երևան հեռավորությանը։ Չնայած ում ինչ եմ ասում։ Ուղղակի հետաքրքիր է, թե էդ 42 միլիոնը հաշվարկելիս ի՞նչ ծախսեր եք ներառել։ Գուցե մենք դեռ պիտի ձեզ շնորհակալ լինենք, որ, ասենք, կողքից մի երկու աստղիկի մենահամերգ էլ չեք ֆինանսավորել, դե մի 80 միլիոն էլ բյուջեն թեթևացնեիք էլի։ Հետո ինչի՞ 42՝ հավանաբար 40-ը կամ 45-ը կլոր թվեր են, դուք էլ աբստրակտ մոտեցում էիք ցուցաբերել։ Էլի լավ է, էլի գոհ ենք։ Միևնույն է, էդ 42-ը մի ձև պիտի քերեիք, լավ է գոնի մի քանի երեխա ժպտացին, թե չէ, որ որոշեիք, ասենք, ջրվեժում պենոպլաստից հսկայական եղևնիներ զետեղեիք, ո՞վ պիտի ձեր թաթիկին խփեր։ Հրճվեք, ժողովուրդ ջան, սա էլ իրա ձևի նարկոտիկ է, թանկ նարկոտիկ՝ 42 ՄԼՅՈՆԱՆՈՑ նարկոտիկ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել