Ես հիշում էի, որ դպրոցում էլ էր էդպես: Տղաների մի խումբ կար՝ հիմնականում ուռոդ դիմագծերով, որոնք իրենց իշխանությունն էին տարածում մյուս աշակերտների վրա։ Մեծ մասամբ դա արվում էր ծեծի միջոցով։ Ծեծում էին՝ 20-ը մեկի վրա հարձակվելով։ Տարօրինակն այն է, որ այդ փոքրիկ խուլիգանների ծնողները հիմնականում դատավոր-դատախազներ էին։ Էլ ավելի տարօրիակն այն էր, որ այդ փոքրիկ խուլիգաններից շատերը մանուկ հասակում հայհոյում էին այն ժամանակ դեռ միլիցիային, իսկ այսօր նրանց մեծ մասը շարունակում են ծնողների գործը՝ համալրում են ոստիկանության շարքերը։ Այսինքն ժամանակին դպրոցում լավ տղա խաղացողներն այսօր հայտնվել են բարիկադի հակառակ կողմում։ Վստահ եմ, որ նրանց զավակների մեծ մասն այսօր իրենք էլ դպրոցներում իրենց պահում են նույն լպիրշությամբ՝ նախ վստահ լինելով, որ ցանկացած դեպքում իրենց պապաների շնորհիվ չեն պատժվի, և հետո էլ գեներն իրենցը կանեն։ Փաստորեն տփող բրիգադները ձևավորվում են մանուկ հասակում։ 
Չեմ ուզում զուգահեռներ անցկացնել վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերը պատմածիս հետ, որովհետև ես ինքս ունեմ իմ կարծիքն այդ դեպքերի հետ կապված։ Նախ, մեքենաների պաժառները բացարձակ չեմ կապում այդ ծեծերի հետ՝ նախ պաժառներն էին շատ ծիծաղելի, հետո էլ շատ էր սերիալի նմանվում։ Ազատամարտիկների հետ միջադեպը լրիվ առանձնացնում եմ՝ դա փաստացի ռազբորկա է եղել, կարծում եմ՝ դրանից բացահայտ ու պարզ բացատրելն անհնար է։ Ազատամարտիկների փոխարեն ով էլ լիներ, ծեծողները գործելու էին նույն էնտուզիազմով։ Սրանք հենց իմ պատմած փոքր խուլիգանիկներն էին, որ արդեն մեծացել են ու դարձել պետական մակարդակի, բայց միևնույն է՝ խուլիգաններ։ Մյուս բոլոր միջադեպերը, անգամ Արամի հետ կապվածը դասում է բակային մակարդակի, ավելի ճիշտ՝ հայաթային մակարդակի ռազբորկաների։ Պետք չէ գերարժևորել սեփական անձը և տված հայհոյանքի լսելիության մակարդակը։ Այսօր ազգի 90 տոկոսը հայհոյում է իշխանություններին, բայց ծեծ ուտում են միայն ընտրյալները... Մի քիչ մտածեք այս ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել